• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Վերափոխում



Այսօր Հայոց Եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը։

Սրբազան Ավանդության համաձայն Փրկչի համբարձումից 12 տարի անց Գաբրիել հրեշտակապետը, ով հղության ավետիսն էր տվել Սուրբ Մարիամ Աստվածածնին, կրկին հայտնվում է նրան։

Վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ գալով Ս. Գաբրիել հրեշտակապետն ասում է. «Մայր սրբության և առագաստ երանության, տաճար խնդության և քաղաք թագավորության, մարդկային ցեղի ճանապարհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխադրվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր կամենում է քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:

Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Ապա Ս. Կույսը խնդրում է Ս. Հովհաննես առաքյալին Պատարագ մատուցել, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Վերջապես լրանում է ժամը, երբ պետք է կատարվեր նրա՝ երկրից երկինք վերափոխումը։ Բազմաթիվ մոմեր էին վառվում: Առաքյալները շրջապատել էին այն զարդարված մահիճը, ուր ընկողմանել էր Աստվածամայրը: Այդ պահին Տիրամոր խաղաղ ու մաքուր դեմքը ճառագում էր, իսկ մարմնից հիասքանչ բույր էր տարածվում: Նա Ձեռքերը տարածելով դեպի արևելք՝ գոհանացավ և օրհնեց Աստծուն և հանկարծ շողաց չտեսնված մի լույս։ Ներկաները սարսափեցին, երբ սենյակի վերևում ճառագայթների ներքո, հայտնվեց Հիսուս Քրիստոս` հրեշտակների ու սրբերի ուղեկցությամբ։

Սրբուհին, հեզաբար շարժելով շրթունքները, Տիրոջն աղոթում էր ամբողջ աշխարհի փրկության համար: Աստվածամայրը թեթևորեն բարձրացավ մահճից, խոնարհվեց Տիրոջը և հանգիստ, ասես քնի մեջ, հոգին ավանդեց իր Միածին Որդու ձեռքը։

Ս. Աստվածածնի ննջումից հետո երանելի սուրբ առաքյալներն սաղմոսներով ու օրհնություններով, օրհնյալ մարմինը դրեցին գերեզման, ինչպես հարկն է ծածկեցին ու պահպանեցին երեք օր։

Բարդուղիմեոս առաքյալը, որ ներկա չէր հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ և իմանալով սուրբ Կույսի ննջման մասին, ստիպում է առաքյալներին բացել գերեզմանը՝ Տիրամորը վերջին հրաժեշտը տալու համար։ Սակայն մարմինը գերեզմանում չեն գտնում, քանի որ Հիսուսն իր խոստմանը համաձայն հարություն է տվել մորը և փոխադրել երկինք։

Արդարև, ինչպե՞ս կարող էր Սուրբ Աստվածածնի մարմինը, որի մեջ «Բանը մարմին դարձավ», ենթակա լինել գերեզմանի ապականությանը։

Ինչպե՞ս կարող էր մեր Տերը իր մոտ չտաներ Աստվածածնին՝ իր սուրբ մորը, ով կատարելապես հնազանդվեց Աստծո կամքին, աշխարհին պարգևեց Փրկչին, սիրեց Նրան և անվերապահորեն հավատարիմ եղավ Նրա կյանքի բոլոր հանգրվաններին։

Սուրբ Աստվածածնի Վերափոխումը հարացույցն է մեր՝ քրիստոնյաներիս, երկրային կյանքի ավարտի։ Մահացածներին ասում ենք «ննջեցյալ», այսինքն՝ նրանք չեն մահացել, այլ ննջել են, որովհետև իրական քրիստոնյայի համար մահ գոյություն չունի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Խաչի վրա հաղթեց մահվանը, որից հետո կա միայն «փոխադրություն», այսինքն՝ մարդկային հոգու փոխադրվելը մեկ այլ վայր, մեկ այլ աշխարհ, գերեզմանից անդին հավիտենական կյանք, և «կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում կլինեն, կլսեն նրա ձայնը և դուրս կգան. բարի գործեր կատարածները հարություն կառնեն կյանքի համար, իսկ չար գործեր արածները՝ դատաստանի համար» (Հովհաննես 5:29)։

Փառավորվեց Աստվածածին Սուրբ Կույսն իր փառավորյալ Որդուց՝ Աստծուց, և երկինք վերափոխվեց, քանզի ճաշակեց անմահության բաժակը: Եվ նա միշտ բարեխոսում է մեզ համար:


ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ


Վերափոխման տոնի օրը մեր եկեղեցիներում կատարվում է նաև խաղողօրհնեք։ Մեր Եկեղեցու հայրերի կողմից հաստատված այս հոգեպարար արարողությունը լավագույնս արտահայտում է քրիստոնեական մեր հավատքի հիմնական սկզբունքներից մեկը. Աստված է Արարիչը և աղբյուրը ամենայն բարեաց։ Ինչ որ ունենք կամ ինչ որ ենք այս կյանքում Աստծո առատաբաշխ շնորհով է։

«Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը…առանց ինձ ոչինչ անել չեք կարող», ասում է Հիսուս Խաղողօրհնեքի այս արարողության ընթացքին կարդացված Ավետարանի մեջ։ Ինչպես որ ճյուղերն են կառչած որթատունկին, նույնպես և մենք ենք պատվաստված մեր Տեր Հիսուս Քրիստոսին և ապրում ու արարում ենք Նրա կենարար շնորհներով։ Եթե կտրվենք որթատունկից, ապա կչորանանք և կմահանանք։ Միմիայն Աստծո ներկայության մեջ մնալով և մեր Տեր Հիսուս Քրիստոսին միացած լինելով կարող ենք հաղթահարել այս կյանքի փորձությունները և դժվարությունները, ինչպես որ որթատունկին ամրացած ճյուղերն են դիմակայում քամիներին ու փոթորիկներին։

Մեր հայրերը, ամուր կառչած մնալով իրենց քրիստոնեական արմատներին, Աստծո անսահման բարության նկատմամբ իրենց երախտագիտության զգացումը վերածել են գոհաբանական աղոթքի՝ բերելով խաղողի երախայրիքը եկեղեցի և գոհություն հայտնելով Աստծուն Իր ամենախնամ սիրո և բյուր բարիքների համար։ Նրանք խորապես հավատում էին և իրենց կյանքից ներս գործադրում Աստվածաշնչյան պատգամը. «Պատուի՛ր Տիրոջը քո արդար վաստակից եւ քո արդար բերքից պտո՛ւղ յատկացրու նրան, որպէսզի քո շտեմարանները լցուեն առատ ցորենով, եւ քո հնձաններն աւելի յորդ գինի բխեն։ (Առ 3:9,10)

Այսու, մեր սրբազան հայրերի կողմից հաստատված և Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ նվիրագործված այս օրը հրավեր է հավատարմության. հավատարմություն՝ մեր Արարիչ և ամենախնամ Աստծուն, մեր Հայրենի երկրին ու Մայր Եկեղեցուն, հավատարմություն՝ մեր ազգային և հոգևոր սրբազան արժեքներին և մեր սրբություններին։ Միմիայն ամենազոր Աստծուն և մեր սրբազան արժեքներին կառչած մնալով ու սնունդ առնելով է, որ մեր ազգային և հոգևոր կյանքր պտղաբեր կլինի, նման որթատունկի ողկույզին:

86 views
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.