Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Այս տոնը հատուկ է միայն Հայ Եկեղեցուն, որը հաստատվել է 653թ., երբ Թոդիկ և Հովել ճգնավորները գտան Քրիսոտոսի Խաչափայտի մասունքը: Վարագա Սուրբ Խաչը տոնի նշվում է Խաչվերացից 14 օր հետո, այսինքն՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:
Եկեղեցական ավանդության համաձայն՝ Դիողետիանոս (243-313թթ.) կայսեր հալածանքներից խուսափելով՝ Ս. Հռիփսիմյանց կույսերը փախչում են Հայաստան: Կույսերից Ս. Հռիփսիմեն իր պարանոցին կրում էր Քրիստոսի Խաչափայտից մի մասունք:
Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկե թագուհին, այն ստացել էր Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբ Տյառնեղբորից, երբ Ս. Պետրոս առաքյալի քարոզությամբ ուխտի էր գնացել Հռոմ: Եվ քանի որ Հռիփսիմեն սերում էր Կլավդիոս կայսեր տոհմից, Խաչափայտի մասունքը ժառանգաբար փոխանցվել էր նրան:
Ս. Հռիփսիմեն Խաչափայտի մասունքը պահում է Վարագա լեռան քարայրներից մեկում՝ վախենալով, որ այն կընկնի հեթանոսների ձեռքը:
653թ. Վարագա լեռն իրենց ճգնության վայր են ընտրում Թոդիկ ճգնավորն ու իր աշակերտ Հովելը: Սուրբ Նշանը գտնելու փափագով նրանք խիստ ճգնությամբ, տասներկու օր ծոմ պահելով, արտասվելով և ջերմեռանդ աղոթքներով, Տիրոջից խնդրում են, որ իրենց արժանացնի տեսնելու և համբուրելու փափագելի Նշանը:
Մարդասեր Աստված, Ով միշտ կատարում է Իրենից երկյուղածների կամքը, տեսիլքով նրանց հայտնում է մասունքի տեղը: Այն ճգնավորներին երևում է խաչանիշ պայծառ լույսի տեսքով, լուսեղեն տասներկու սյուների մեջտեղում, որոնցից բաժանվելով՝ բարձրանում է սուրբ Սեղանին, որի առաջ աղոթում էին ճգնավորները: Միաժամանակ խաչանիշ լույսից ձայն է լսվում. «Քրիստոս հաճեց բնակվել սուրբ Նշանի մեջ՝ Հայոց աշխարհի պահպանության և փրկության համար»:
Լուսեղեն սյուները տասներկու օր երևում են Վարագա լեռան Գալիլիա կոչվող գագաթին այնպես, որ հեռավոր վայրերից ևս տեսանելի էին:
Ի հիշատակ Վարագա Ս. Խաչի երևման հրաշքի՝ Ներսես Հայրապետը տոն է սահմանում և տասներկու լուսե սյուների երևման վայրում եկեղեցի կառուցում և տոնից առաջ հնգօրյա շաբաթապահք սահմանում, որը ժողովրդական լեզվով կոչվում է «վանեցիների»:
Մասունքի հրաշագործությունների մասին բազմաթիվ հիշատակություններ են պահպանվել: Մասնավորապես, Եդեսիայում համաճարակի ժամանակ Վարագա Ս. Խաչի զորությամբ անբուժելի հիվանդությունը կասեցվել է:
Հին աշխարհում, հատկապես Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում, խաչն անարգ մահվան, անեծքի, նախատինքի և չարչարանքի գործիք էր, ակայն Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո խաչը քրիստոնյաների համար վերածվել է փրկության, հաղթանակի և հավիտենական կյանքի նշանի։ Հայաստանյայց Եկեղեցում խաչը ոչ միայն երկրպագության առարկա է, այլ ամեն ինչ օրհնվում և սրբագործվում է խաչով:
Հայի համար խաչը դարձավ ոչ միայն Քրիստոսի ու հավատի խորհրդանիշ, այն նաև «զենք», պաշտպան և պարծանքի առարկա՝ համաձայն առաքյալի խոսքի. «Իսկ ես չլինի թե մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ» (Գաղատացիներին 6:14)։
Հայը կռվում է խաչով, կռվում է խաչի՝ Քրիստոսի համար՝ խաչով ու սրով, խաչով ու գրչով։ Հայ ժողովուրդն առաջինն ընդունեց Խաչը և հավատարիմ մնաց իր առաքելությանը: Եվ մենք էլ այսօր շարունակում ենք մեր նախնիների խաչի ճանապարհը ու կերտում հայկական խաչի ճանապարհը։
(Աղբյուրը՝ Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին)
+ + +
«Քրիստոս Աստված մեր, Քո պատվական և ամենահաղթ Խաչին երկրպագելով՝ հայցում ենք թողություն մեր հանցանքներին, որովհետև նրա միջոցով վերացրեցիր մարդկային ցեղի դատապարտությունը։ Եվ այժմ Քո աստվածային սուրբ նշանով երկնային խաղաղությունդ պարգևիր համայն աշխարհին»։
Ժամամուտ Սուրբ Խաչի
Գրաբարից աշխարհաբարի վերածեց Մեսրոպ վարդապետ Պարսամյանը
コメント