«Սպասի՛ր Տիրոջը և քաջալերվի՛ր, թող սիրտդ զորանա. սպասի՛ր Տիրոջը»։ (Սաղմոս 26:14)
Երեկ մեր քաջարի զինվորները մեկ անգամ ևս փաստեցին, որ հաղթանակը ձեռք է բերվում ծանր և հաճախ երկարատև պայքարում համբերատար և արիասիրտ սպասումով։ Երբ մեր պարտությունն այլևս անխուսափելի էր թվում, հանկարծ պատերազմի ողջ ընթացքը փոխվեց և թշնամին սկսեց խուճապահար նահանջել։
Աստվածաշունչ Սուրբ Գիրքը լի է նման օրինակներով և հորդորում է նման իրավիճակներում ամբողջանվեր կերպով վստահել Տիրոջը, ապավինել Նրան բոլոր վտանգների և փորձությունների մեջ, սպասել Նրան, եթե անգամ իրավիճակներն ու հանգամանքները անելանելի են թվում։
Արդարև, մեր անհամբեր աշխարհում ոչ ոք չի սիրում սպասել։ Դժվարությունները, որ առաջ են գալիս սպասելիս, մեզ հաճախ տանում են հուսալքության։ Այո՛, դժվար է սպասել և դրա համար էլ Աստվածաշունչ Սուրբ Գիրքը հորդորում է. «Քաջալերվի՛ր, թող սիրտդ զորանա»։ Այս բառերը հաճախ են հանդիպում Սուրբ Գրքում, հատկապես ամենածանր իրավիճակների նկարագրության մեջ, զորեղ թշնամիների դեմ պատերազմում, երբ մարդկային ուժերն անզոր են թվում։
Աստծուն սպասելու և Նրա առատ օրհնություններն ստանալու գաղտնիքը հանդարտ և վստահ համոզումն է, որ այդ սպասումն ապարդյուն չէ։ Այն իրապես քաջությունն է հավատալու, որ Աստված լսում է մեր աղոթքները և օգնության պիտի հասնի անգամ ամենաանելանելի թվացող իրավիճակներում։ Մենք սպասում ենք Աստծուն, ով երբեք չի հուսահատեցնում իր ժողովրդին, ինչպես սաղմոսերգուն է ասում. «Քեզնով համբերողները պիտի չամաչեն»: (Սաղմոս 25:3)
Սիրելինե՛ր, թող որ ոչինչ այս աշխարհում, ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ ներկա և ո՛չ գալիք բաները, ոչինչ չբաժանեն մեզ Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսով է: Թող որ ոչինչ արգելք չհանդիսանա մեզ սպասելու Աստծուն զորեղ հավատքով և կատարյալ վստահությամբ, և Աստված իր զորությամբ և իր նախախնամության համաձայն հաղթանակ պիտի պարգևի մեր ժողովրդին։
Ուրեմն, քա՛ջ լինենք, զորանա՛նք և երբե՛ք չհուսահատվենք, «հավատա՛նք, որ պիտի տեսնենք Տիրոջ բարությունը ապրողների երկրում» (Սաղմոս 26:13):
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ ԱՍՏԾՈՎ
Comments