top of page

Սուրբ Հռիփսիմյանց Կույսեր

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Jun 8, 2020
  • 2 min read


Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսեր (նահ. 301, Վաղարշապատ), տոնելի քրիստոնյա վկայուհիներ, նահատակներ: Հռիփսիմյանց կույսեր առաքինազարդ վանական կյանք են վարել Հռոմում, իրենց մայրապետի՝ Գայանե կույսի առաջնորդությամբ: Հռոմեկան Դիոկղետիանոս կայսրի (284–305) հալածանքներից խուսափելով՝ ի վերջո ապաստանել են Հայաստանում (Վաղարշապատի Հնձանք կոչված վայրում): Ավանդությունը հալածանքների պատճառ է համարում այն, որ կույսերից գեղեցկագույնը՝ երկնավոր հարս Հռիփսիմեն, հրաժարվել է Դիոկղետիանոս կայսրի առաջարկներից՝ դառնալու նրա կինը և Հռոմեկանա կայսրության թագուհին: Կայսրը լուր է հղել Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորին, որ գտնի Հայաստանում ապաստանած կույսերին և վերադարձնի Հռոմ, բայց եթե ուզենա, կարող է և կնության առնել Հռիփսիմեին: Տրդատ թագավորը, գտնելով կույսերին ու տեսնելով Հռիփսիմեի գեղեցկությունը, ինքն էլ է ցանկությամբ համակվել: Հռիփսիմեն հրաժարվել է Տրդատից ևս: Դրա համար նրան ենթարկել են անլուր չարչարանքների, կտրել լեզուն, հանել աչքերը և քառատելով այրել: Սրահար են արել նաև Հռիփսիմեի 32 հավատակից վկայուհիներին: Սրբուհիների մարմինները 9 օր մնացել են անթաղ, մինչև որ Խոր վիրապից դուրս եկած Գրիգոր Ա Լուսավորիչը ամփոփել է նրանց մարմինները տապաններում ու թաղել իրենց նահատակության տեղերում՝ Հռիփսիմեին՝ իր հավատակիցների հետ, Գայանյանց կույսերին՝ առանձին, իսկ հիվանդության պատճառով Հնձանք վայրում միայնակ մնացած կույսին՝ Հնձանքում, որտեղ հետագայում Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսը կառուցել է Ս. Շողակաթ վանքը:

Ս. Հռիփսիմեի վկայարանի վրա Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը 618-ին կառուցել է Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցին, որի խորանի գետնահարկ մատուռի մեջ ցայսօր զետեղված է մնում սրբուհու տապանը: Իսկ Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսը Ս. Գայանյանց կույսերի մատուռի տեղում բարձրացրել է Էջմիածնի Ս. Գայանե վանքը:

Ըստ Մ. Օրմանյանի, Ս. Հռիփսիմե և Ս. Գայանե տաճարների ներքո մեծամեծ քարերով շինված գետնափորեր կան, որտեղ ամփոփված են կույսերի ոսկորները: Հայաստան եկած կույսերի թիվը ըստ Ագաթանգեղոսի, 70-ից ավելի էր, նահատակվածներինը՝ 37: Հանվանե հիշատակված են Հռիփսիմեն, Գայանեն և Մարիանեն: Գրիգոր Ա Լուսավորիչը Հռիփսիմյանց կույսերին դասել է սրբերի շարքը: Որպես սրբեր Հռիփսիմեն և Գայանեն նշվում են ոչ միայն հայերեն, այլև հունական, լատինական, արաբական, ղպտիական, ռուսական Հայսմավուրքներում:

Հռիփսիմյանց կույսերի նահատակությունը հիմք է հանդիսացել հայ քրիստոնեական գրականության վաղ հուշարձաններից մեկի՝ Հռիփսիմյանց վկայաբանության համար, որը, անցնելով Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու Պատմությունների մեջ, լայն տարածում է ստացել ինչպես հայ, այնպես էլ ողջ միջնադարյան քրիստոնեական գրականության էջերում:

Ս. Հռիփսիմե վանքի օծման կապակցությամբ 618-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը գրել է ս. Հռիփսիմյանց կույսերին նվիրված շարականը. Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի, Երկնաւոր նահատակք և կուսանք իմաստունք… (Շարակնոց, 1853, էջ 487): (Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան)


Սուրբ Հռիփսիմյանց տոնի այս լուսավոր օրը հայցենք սրբուհիների բարեխոսությունը Սբ. Պատարագի Ժամամուտի բառերով.


Հռիփսիմյան սրբուհիները, «ովքեր մեզ համար արևմուտքից ծագեցին որպես արեգակ և լուսավորեցին Հայաստան աշխարհը, փարատեցին կռապաշտության անգիտության խավարը և լուսավորեցին բոլոր հոգիները Աստվածգիտության հավատով, - նրանց բարեխոսությամբ, Մարդասեր Տեր, Քրիստոս Աստված, պարգևիր Քո աշխարհին խաղաղություն և մեր անձերին մեղքերի թողություն»։ ԱՄԵՆ

 
 
 

Recent Posts

See All
Peace in the Storm

Today, we took a boat across the Sea of Galilee. As we moved over those waters, it was easy to picture that unforgettable moment when Jesus calmed the storm on this very lake. The disciples had set ou

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page