• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Սուրբ Եսայի Մարգարե



Այսօր Հայոց Եկեղեցին տոնում է Եսայի մարգարեի հիշատակը, որի Մարգարեությունը Աստվածաշնչյան չորս մեծ մարգարեական գրքերից առաջինն է։


Սբ. Եսայի մարգարեն ապրել և մարգարեացել է Քրիստոսից շուրջ 700 տարիներ առաջ: Նրա անունը թարգմանաբար նշանակում է. «Տերը կփրկի»: Իր անվանը համահունչ՝ նա հինկտակարանյան բոլոր մարգարեներից ամենաշատն ու ամենաբացահայտն է մարգարեացել Փրկչի` Քրիստոսի մասին։ Նա ոչ միայն մարգարեացավ, որ մարդկության Փրկիչը ծնվելու է Կույսից (Եսայի 7:14; 9:6), այլև կանխահայտնեց Նրա հավիտենական թագավորության (Եսայի 2:1–5; 11:1–16), նրա երկրային առաքելության (Եսայի 61:1–3) և հատկապես Նրա չարչարանքների և մահվան մասին (Եսայի 52:13–53:12)։


Որոշ իրադարձություններ նա մարգարեացել է այնպիսի հստակությամբ, ասես անձամբ ականատես է եղել դրանց: «Եսային այս ասաց, որովհետև տեսավ Նրա փառքը և խոսեց նրա մասին» (Հհ. 12:41), Սուրբ Հովհաննես Ավետարանչի այս խոսքերը լավագույնս նկարագրում են Եսայի մարգարեին և նրա մարգարեկան գիրքը։


Նոր Կտակարանում ավելի քան 40 հղում և 60-ից ավելի ուղղակի մեջբերում կա Եսայու մարգարեության գրքից: Այդ ամենը ցույց է տալիս, թե ինչպիսի մեծ հեղինակություն և կարևորություն ունի Եսայու մարգարեությունը Եկեղեցու համար: Այդ պատճառով Եկեղեցու հայրերը նրան հաճախ կոչում են հինկտակարանյան ավետարանիչ: Հերոնիմոս Երանելին ասում է. «Ինձ թվում է, թե Եսային ոչ թե մարգարեություն է գրել, այլ Ավետարան»։


«Սուրբ Եսայի Մարգարե, բարեխոսիր Տիրոջը մեզ համար»։

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.