«Սիրտը» առանցքային նշանակություն ունի մեր հոգևոր կյանքում։ Աստվածաշնչի մեջ այն համարվում է մարդու հոգևոր կենտրոնը, որը ոչ միայն զգացմունքների և հույզերի, այլև ներհայեցողական իմաստության վայրն է։
Ղուկասի Ավետարանում կարդում ենք, որ Հիսուսի ծնունդից հետո. «Մարիամը այս բոլոր ասվածները պահում էր իր մեջ և իր սրտում խորհում»։ (Ղկ 2:19) Այս համարը հուշում է, որ սիրտը հիշողության տաճարն է, որտեղ մենք խորհում ենք, խոկում և մտածում։
Սրտի տաճարում ենք նաև հանդիպում Աստծուն. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն»։ (Մատթ. 5:8)
Սրտի մեջ է բույն դնում հավատքի սերմը, ծլում է հույսը և պտղաբերում սերը։
Սրտի գահին է բազմած խիղճը, որ մեր բարոյականության կենտրոնն է, մեր արարքների դատավորը։
Հուսկ, սիրտը մարդկային անձնավորության ամբողջությունն է իր միասնականության մեջ։
Ուրեմն, երբ Սուրբ Գրիգոր Նարեկացին հորդորում է աղոթել «ի խորոց սրտից», նա նկատի ունի մարդու ամբողջական էության աղոթքը։ Սրտի աղոթքը ոչ թե աղոթքի մի տեսակ է, որ ասում ենք, այլ աղոթքի տեսակ է, որ ենք՝ այսինքն մեր ողջ էությամբ փառավորում ենք Աստծուն «մեր սրտի խորքերից»։
Արդարև, մեր աշխարհն այսօր կարիքն ունի ոչ թե մարդկանց, ովքեր աղոթում են ժամանակ առ ժամանակ, այլ այնպիսի մարդկանց, ովքեր աղոթք են ամենայն ժամ՝ իրենց էությամբ և ապրած կյանքով։
Այս ամենն, իհարկե, սոսկ մի փոքրիկ նկարագրության է մարդկային սրտի և նրա կարևորության, որովհետև «Սիրտը խոր է, քան ամեն բան» (Երեմիա 17:9) և այդ խորությունների բացահայտումը մեր ողջ կյանքի կոչումը պետք է լինի։
Comments