Աստվածաշունչն Սուրբ Գիրքն ասում է, որ սերն է փարատում երկյուղի և վախի խավարը։ Մարդ չի կարող սիրել և վախենալ միևնույն ժամանակ, եթե իհարկե սիրում է կատարյալ սիրով։ Երբ աստվածային կատարյալ սերն ունենք մեր սրտերում, ապա երբեք չենք վախենա։
Ամուսինները պատրաստ են զոհողությունների միմյանց համար, որովհետև սիրուն են։ Ծնողները, իրենց կյանքը վտանգելով, փրկում են իրենց երեխաներին, որովհետև սիրում են։ Մեր քաջարի զինվորներն իրենց կյանքը զոհեցին հայրենիքի համար, որովհետև սիրում էին։
Եթե մեր բոլոր արարքների մղիչ ուժը սերն է, ապա վախը տեղ չունի մեր սրտերում։ Ինչպես Առաքյալն է ասում. «Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը» (Ա Հովհաննես 4:18)
Սիրելինե՛ր, երբ զգում ենք, որ վախը գլուխ է բարձրացնում մեր սրտում, մի պահ դադար տանք և մեր միտքը կենտրոնացնենք Աստծո սիրո վրա։ Այն սիրո վրա, որ «Աստված առատությամբ մեզ վրա հեղեց մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի նրա շնորհով արդարացած հույսի համաձայն՝ ժառանգներ լինենք հավիտենական կյանքի» (Տիտոս 3:6-7)։
Եթե վախենում ենք, նշանակում է, որ մտահոգվում ենք ինքներս մեր համար։ Սիրառատ մարդը չի կենտրոնանում իր անձի վրա, այլ ամբողջապես նվիրվում է Աստծուն և իր սիրելիներին։
Ուրեմն, սերը դարձնենք մեր կյանքի առանցքը և Աստծո ներկայության մեջ ապրենք ու արարենք քաջ, անվախ ու համարձակ ոգով։ Որքան շատ սիրենք, այնքան ավելի խիզախ և աներկյուղ պիտի լինենք։
Comments