top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Սեպտեմբեր 1



«Հոր իմաստություն` Հիսուս, տո՛ւր ինձ իմաստություն, որ ամեն ժամ Քո առաջ

խորհեմ, խոսեմ և գործեմ բարին, և փրկիր ինձ չար խոհերից, խոսքերից և գործերից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս»:

Ճեմարանում ամեն օր մենք դասերն սկսում ենք Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի այս խորիմաստ աղոթքով, որով խնդրում ենք Աստծո իմաստությունը երեք կարևորագույն բաների՝ խոհերի, խոսքերի և գործերի համար։

Ա. Խոհեր - Դպրոցում և համալսարանում է կրթվում ու ձևավորվում մեր միտքը, մեր մտածելակերպը, որոնք էլ արտահայտություն են գտնում մեր խոսքերի ու գործերի մեջ։ Շատ կարևոր է, թե ինչպե՛ս և ինչի՛ մասին ենք մտածում։ Դրա համար էլ Աստվածաշունչը հորդորում է. «Խորհե՛ք այն բաները, որոնք ճշմարիտ են, պարկեշտ են, արդար են, մաքուր են, սիրելի են, բարեհամբավ են, առաքինի են, գովելի են»։ (Փիլիպեցիներին 4:8)

Բ. Խոսքեր – Մեր մտածումներն այնուհետ վերածվում են խոսքի, իսկ խոսքը մեծ ուժ ունի։ Խոսքով կարող ենք մեր դասընկերներին քաջալերել և գոտեպնդել, բայց նաև՝ վիրավորել ու վնաս պատճառել։ Դրա համար էլ Աստվածաշունչը խրատում է. «որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է»։ (Եփեսացիներին 4:29)

Գ. Գործեր – Դասերի ծանրաբեռնվածության, դասընկերների չար կատակների, ուսուցիչների խստության պատճառով դյուրին է տրտնջալ, բորբոքվել և վիճաբանել։ Դրա համար էլ Աստվածաշունչը պատվիրում է. «ամեն ինչ արե՛ք առանց տրտնջալու և հակաճառելու, որպեսզի լինեք անբասիր ու անարատ, Աստծու որդիներ, անմեղ՝ կամակոր ու խոտորված սերնդի մեջ։ Նրանց մեջ պիտի երևաք ինչպես լուսատուներն աշխարհում»։ (Փիլիպեցիներին 2:14-15)

Սիրելի աշակերտներ, ուսանողներ և մանկավարժներ, նոր ուսումնական տարվա սեմին միասնական աղոթքով խնդրենք Աստծո Իմաստությունը, որպեսզի մեր խոհերը, խոսքերն ու գործերը լինեն բարի և սփռեն Տեր Հիսուս Քրիստոսի լույսը մեր շրջապատում՝ Աստծո փառքի և մեր Հայաստան աշխարհի բարօրության համար։

39 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page