Ճգնաժամերի ժամանակ պետք է միասնական լինել, անհրաժեշտ խելացի միջոցներ ձեռնարկել դրանք հաղթահարելու համար. հետևել մասնագետների խորհուրդներին, ճիշտ որոշումներ կայացնել և առաջ ընթանալ՝ միևնույն ժամանակ հիշելով, որ սա էլ կանցնի։
Աստվածաշունչ Սուրբ Գիրքն ասում է. «Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք, որևէ փորձություն, որ կրակի նման այրում է ձեզ, որպես թե մի տարօրինակ բան պատահած լիներ ձեզ»։ (Ա.Պետրոս 4:12)
Այս աշխարհում միշտ էլ դժվարություններ և փորձություններ պիտի ունենանք։ Այն պահից սկսած, երբ մեղքը մտավ աշխարհ, ոչինչ կատարյալ չէ։ Ամեն բան այս աշխարհում խաթարված է՝ եղանակը, կենդանական և բուսական աշխարհը, տնտեսությունը, մեր մարմինները և անգամ մեր լավագույն ծրագրերը։ Ոչինչ անթերի չի գործում այս երկրի վրա, քանզի մեղքը խաթարեց ամեն բան։
Շատերն են հարցնում. «Ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որպեսզի մեղքն ու չարը մուտք գործեն աշխարհ»։ Պատասխանը հետևյալն է. որովհետև Նա մեզ տվեց ազատ կամք և ընտրության հնարավորություն։
Մենք ենք չարի պատճառ դառնում։ Մենք ենք եսասիրության ու անձնապաշտության պատճառով հասարակության մեջ և շրջակա միջավայրում խնդիրներ առաջացնում։ Դրա համար էլ պիտի աղոթենք «Հայր մերը»՝ ասելով. «Թող քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է», որովհետև Երկինքը կատարյալ վայր է, ուր չկա վիշտ, հիվանդություն, թախիծ, մտատանջություն։ Եթե Աստված կամենա և ողորմի, մի օր այնտեղ կլինենք, սակայն դեռ այնտեղ չենք։
Ներկայիս մեզ հուզող փորձության միջով էլ կանցնենք։ Մի օր համավարակը պատմության գիրկը կանցնի։ Շուտով պիտի զմայլվենք Աստծո հրաշագործություններով, որ կատարեց այս փորձության մեջ, երբ հետադարձ հայացք նետենք ժամանակի հեռավորությունից։ Եվ սակայն կլինեն նոր մարտահրավերներ և փորձություններ։ Սա այս «ընկած և մեղավոր» աշխարհում մեր իրականության անբաժանելի մասն է։
Սակայն քրիստոնյաներս հավատքով միշտ ամուր ենք պահում մեր հույսը, որովհետև «ներկայումս մեր կրած այս թեթև նեղությունը հավիտենական փառք է ապահովում մեզ, որ գերազանցում է ամեն ինչ։ Այսու, մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք, ոչ թե նյութական իրականությունների, այլ հոգևոր իրականության վրա, որովհետև նյութական իրականությունները ժամանակավոր են, մինչդեռ հոգևոր իրականությունները՝ հավիտենական»։ (Բ Կորնթացիս 4:17-18)
Comments