• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Ռազմավարական երեք կանոններ



«Միայն թե Ավետարանին վայել ձևո՛վ ապրեք… որ հաստատուն եք մնում մե՛կ հոգով և միաշունչ պայքարում եք Ավետարանի հավատի համար։ Երբեք մի՛ վախեցեք հակառակորդներից. այդ հակառակությունն ապացույցն է նրանց կորստյան և ձեր փրկության»։ (Փիլիպեցիներին 1:27)


Այս հատվածի մեջ Սուրբ Պողոս Առաքյալը ներկայացնում է հակառակորդների դեմ պայքարի մեջ հաղթանակ տանելու ռազմավարական երեք կանոններ, որոնք անհրաժեշտ են նաև մեզ այս օրերին, երբ կենաց մահու պատերազմ ենք մղում նենգ թշնամու դեմ։


Ա. ԱՎԵՏԱՐԱՆԻՆ ՎԱՅԵԼ ՁԵՒՈՎ ԱՊՐԵՔ - Նախ և առաջ կարևոր է, թե ինչպես ենք ապրում։ Հաղթելու համար մեր հավատն ու խոսքը պետք է համապատասխանեն մեր գործին։ Օրեր առաջ ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին հարցրեցին, թե ինչու ենք մենք վիրահատում ռազմագերուն, երբ թշնամին գլխատում է մեր զինվորներին։ Նրա պատասխանը հետևյալն էր. «Որովհետև մենք բորենիներ չենք»։ Այո՛, մենք առաջին քրիստոնյա պետությունն ու ազգն ենք և կոչված ենք պաշտպանելու մեր հավատքն ու հայրենիքը, սակայն ոչ իբրև բարբարոս և վայրենի հրոսակներ, այլ՝ որպես Ավետարանի ոգով զորացած Աստծո քաջամարտիկներ։


Բ. ՄԵԿ ՀՈԳՈՎ ԵՒ ՄԻԱՇՈՒՆՉ - Հաղթանակի համար երկրորդ կարևորագույն նախապայմանը պայքարների ու պատերազմների մեջ միասնական լինելն է։ Թե տեսանելի և թե անտեսանելի թշնամու ռազամավարությունն է՝ «բաժանիր, որ տիրես»։ Շատ ենք լսել, որ մեր ազգն ուժեղ է անհատներով, անհատական սպորտաձևերի մեջ։ Սակայն պատերազմը սպորտաձև չէ, այն կենաց մահու պայքար է և դրա մեջ միասնականությունը, ազգային համախմբումը կենսական անհրաժեշտություն է։ Մի կողմ թողնենք բոլոր տարաձայնությունները, ներքին երկպառակությունները և թշնամու դեմ դուրս գանք որպես մե՛կ հոգի և մե՛կ շունչ, մե՛կ կամք և մե՛կ բռունցք։


Գ. ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ - Հուսկ, հաղթելու համար պետք է հեռու վանենք վախը մեզանից՝ հավատից բխող աննահանջ խիզախությամբ։ Հալածանքները անբաժան մասն են կազմել Առաքելական Եկեղեցու հիմնադրման առաջին իսկ օրերից։ Առաջին քրիստոնյաները անվախ կանգնել են հալածողների առջև և քաջաբար հռչակել իրենց հավատքը՝ այն համոզումով, որ «այդ հակառակությունն ապացույցն է նրանց կորստյան և իրենց փրկության»։ Մեր ժողովրդի պատմությունը ևս վառ ապացույցն է Առաքյալի այս խոսքերի։ Ինչքա՜ն ազգեր, պետություններ և կայսրություններ են ցանկացել մեզ ոչնչացնել, սակայն բախվել են մեր ժողովրդի վճռական կամքի ապառաժ ժայռին և կորստյան են մատնվել, իսկ մեր ազգը հարատևում է ապրել Աստծո ամենախնամ հովանու ներքո։


Ուրեմն, սիրելինե՛ր, կենաց մահու այս պատերազմի մեջ պայքարե՛նք և ապրե՛նք Ավետարանին վայել ձևով, հաստատուն մնանք մեր ազգային միաբանության մեջ՝ մեկ հոգով և միաշունչ պայքարելով մեր հավատի ու հայրենիքի համար, և երբեք չվախենանք թուրք-ադրբեջանական ահաբեկիչներից, որովհետև այն պատերազմը, որ նրանք են սկսել, ապացույցն է նրանց կորստյան և մեր փրկության։


  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.