Այսօր Հայոց Եկեղեցին տոնախմբում է հինգ Տաղավար տոներից երրորդը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը։
Ավետարանիչը նկարագրում է, թե ինչպես Թաբոր լեռան վրա մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր երեք աշակերտների՝ Պետրոսի, Հովհաննեսի և Հակոբոսի ներկայությամբ պայծառակերպվեց. «նրա դեմքն արեգակի պես փայլեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։ Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որոնք խոսում էին Հիսուսի հետ։ Պետրոսը Հիսուսին ասաց. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ մնանք։ Եթե կամենաս, այստեղ երեք տաղավարներ կպատրաստենք. մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ Մինչ նա խոսում էր, մի լուսավոր ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ բարեհաճությունը. դրա՛ն լսեք»։ (Մատթեոս 17։1-5)
Ավանդության համաձայն Պայծառակերպությունը տեղի ունեցավ Տաղավարահարաց տոնի օրերին։ Հին Կտակարանում Տաղավարահարաց (վրաններ խփելու) տոնը մարդկանց մեջ Աստծո ներկայության տոնն էր, որի ժամանակ 7 օր մարդիկ բնակվում էին վրանների տակ՝ վերհիշելով անապատի դեգերումները։ Իսկ արդեն Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը բացահայտում է, թե ինչպիսին է այդ ներկայությունը մարմնացյալ Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անձի մեջ և միջոցով։
Ինչպես Սուրբ Եղիշեն է բացատրում, Թաբոր Լերան վրա «ճշմարիտ արքայություն էր, քանի որ այնտեղ միասնական Երրորդությունը լիալիր էր։ Աստված ինչ-որ վայրում չի լինում, [այսինքն՝ տարածական չէ], սակայն երևաց մարմնավորներին որպես՝ տարածական։ Ու այն տեղը, որտեղ Աստված հայտնվեց, առանց վարանելու [կարելի է] արքայություն կոչել, քանի որ արքայությունը հենց այն է, ուր Աստվածությունն է երևում»։
Պայծառակերպության ժամանակ առաքյալները տեսան Աստծո Արքայության փառքը Քրիստոսի Անձի մեջ, որ «Նրա մեջ է բնակվում Աստվածության ամբողջ լիությունը մարմնապես» (Կողոսացիս 2:9) և իրենց սրտի ամբողջ զորությամբ ցանկացան հարատևել աստվածային այդ փառքի մեջ։
Սիրելիներ, առաքյալների նման մենք ևս աղոթենք Տիրոջը և ասենք. «Լավ է, որ մենք այստեղ մնանք»: Մեր սրտերի մեջ «շինենք երեք տաղավարներ Տիրոջ, Մովսեսի և Եղիայի համար և անդադար փառավորենք Ամենասուրբ Երրորդությանը», հավիտյանս հավիտենից. Ամեն։ (Շարական Վարդավառի, ԱՁ)
Մեսրոպ վարդապետ Պարսամյան
Comentarios