• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Չպիտի համաչենք հավիտյան



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 17-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Հովելի մարգարեության գրքից է (2.21-31):


Մարգարեության այս հատվածի մեջ Աստված քաջալերում և խրատում է Իր ժողովրդին, ովքեր ապրում էին դժվարին և հուսահատ ժամանակներում՝ Աստծուց հեռանալու պատճառով։ Երաշտն ամայացրել էր նրանց երկիրը, վնասատու միջատները ոչնչացրել էին բերքը, և տևական պատերազմները խաթարել էին խաղաղությունը։ Այսուհանդերձ, Աստված խոստանում է կրկին օրհնել նրանց, եթե իրենց ամբողջ սրտով դառնան դեպի Իրեն։ Նա խոստանում է հատուցել ծանրագույն տարիների դիմաց, որպեսզի ժողովուրդը կրկին ուրախություն ապրի և չամաչի հավիտյան։


Ուրախության և ցնծության օրհնությունը վայելելու համար, սակայն, պետք է դարձի գալ՝ մտքով և սրտով դառնալ դեպի Աստված։ Այս հատվածի մեջ Աստված հուշում է նաև այն 4 կարևոր մոտեցումները, որոնք անհրաժեշտ են մտքի նորոգության՝ մտքով և սրտով դեպի Իրեն դառնալու համար։ Նա հորդորում է.


Ա. Մտաբերե՛ք և գոհացե՛ք այն ամենի համար, ինչ Աստված պարգևել է ձեզ անցյալում. «Ցնծացե՛ք և ուրախացե՛ք Տիրոջով՝ ձեր Աստծով, քանի որ Տերը ձեզ արդար կերակուր տվեց. և ձեզ համար կտեղան գարնանային և աշնանային անձրևները, ինչպես նախկինում» (Հովել 2.23)։


Բ. Մի՛ մտատանջվեք ապագայի վախերով, այլ ապավինեք Աստծուն և Նրա խոստումներին. «Կլցվեն ցորենի կալերը, և կհորդեն գինու և յուղի հնձանները։ Ձեզ կհատուցեմ այն տարիների դիմաց, երբ մորեխը, ջորյակն ու թրթուրը կերան, և իմ մեծ զորքը, որ ուղարկեցի ձեզ վրա» (Հովել 2.24-25)։


Գ. Հավատացե՛ք, որ Աստված պիտի հոգա ձեր կարիքների մասին, հրաշքներ գործի ձեզ համար և սրբի ձեր մեղքերը, որպեսզի այևս չամաչեք. «Եվ ուտելով կուտեք ու կհագենաք և կօրհնաբանեք Տիրոջ՝ ձեր Աստծու անունը, որ հրաշքներ գործեց ձեզ համար, և իմ ժողովուրդն այլևս չի ամաչի հավիտյան» (Հովել 2.26):


Դ. Գիտակցե՛ք, որ Աստված է հոգում ձեր բոլոր կարիքները և պաշտե՛ք միայն Նրան, քանզի ինչպես Նա է ասում. «Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և չկա ոչ ոք ինձնից բացի, և իմ ժողովուրդը չի ամաչի հավիտյան» (Հովել 2.27)։


Սիրելիներ, այսօր մենք ևս ապրում ենք դժվարին ժամանակներում։ Բազում պատճառներ ունենք ամաչելու համար և դրանցից ծանրագույնը մեղքն է և դրա հետևանքները մեր անձնական և ազգային կյանքում։ Եթե ունկնդիր լինենք Աստծո կոչին և ապաշխարությամբ դառնանք դեպի Նա ամբողջ սրտով, ապա Նա պիտի առատապես օրհնի մեզ, հոգա մեր կարիքները, անսպառ ուրախություն պարգևի, որպեսզի հավիտյան չամաչենք։

5 views0 comments

Recent Posts

See All
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.