Իրապես, դժվար է նեղությունների մեջ աղոթել, ավելին՝ գոհություն մատուցել Աստծուն վատից-վատագույնը գահավիժող իրականության մեջ։ Սակայն հատկապես այդ ժամանակ է, որ կարիքն ունենք գոհունակության և երախտագիտության զգացումի, որովհետև միայն այդպես կարող ենք հաղթահարել կործանարար հուսահատությանն ու հուսալքությանը։
Աստվածաշնչի մեջ Ամբակում մարգարեն նկարագրում է նման մի իրավիճակ, երբ դժբախտությունները, մեկը մյուսին հերթ չտալով, կարկուտի պես թափվում են իր և իր ժողովրդի գլխին, ինչպես նաև տալիս է այդ իրավիճակից դուրս գալու լուսավոր ճանապարհը։ Մարգարեն իր գիրքն ավարտում է հետևյալ բառերով.
«Քանզի եթե անգամ թզենին իր պտուղը չտա, որթատունկը ծնունդ չունենա, ձիթենին բերք չտա, դաշտերը կերակուր չտան, հոտերը դադարեն արածելուց, և մսուրների մեջ եզներ չլինեն, ես պիտի ուրախանամ Տիրոջով, ուրախանամ իմ փրկիչ Աստուծով։ Տեր Աստվածն է իմ զորությունը, Նա կամրացնի իմ ոտքերը և ինձ բարձունք կհանի՝ հաղթելու իր երգով»։ (Ամբակում 3:17-19)
ա. «Թզենին իր պտուղը չտա» - Թուզը ժամանակին համարվում էր նրբահամ կերակուր, «դելիկատես» և դրանից զրկվելը մեծ բան չէր։ Ժողովուրդը պարզապես զրկվեց էր իր հաճույքներից։
բ. «Որթատունկը ծնունդ չունենա» - Այնուհետև նրանք զրկվեցին խաղողի բերքից։ Խաղողից պատրաստում էին գինին, որը, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, ուրախացնում է մարդու սիրտը։ Այսու, նրանք զրկվեցին նաև ուրախությունից։
գ. «Ձիթենին բերք չտա» - Ձիթենու կորուստն արդեն շատ ավելի լուրջ էր։ Ձիթենու յուղն օգտագործում էին կերակուր պատրաստելու, վերքերը ախտահանելու, ինչպես նաև ճրագ վառելու՝ լուսավորության համար։
դ. «Դաշտերը կերակուր չտան…» - Անշուշտ, ամենածանրը գյուղատնտեսությանն ու անասնապահությանը հասցված վնասն էր, որը նշանակում էր սով և սովամահություն։ Աղետի նման ծավալները ստեղծված իրավիճակը լիովին անհույս էին դարձնում։
Այսուամենայնիվ, մարգարեն չի տրվում հուսահատությանը, քանի որ նա մտքով կենտրոնացել էր Աստծո մեծության, և ոչ թե՝ աղետի վրա։ Նա գոհություն էր մատուցում իր Տիրոջը՝ ի հեճուկս աստիճանաբար գահավիժող իրավիճակի, քանզի գիտեր, որ իր փրկության Աստվածը հավատարիմ է և ոտքի պիտի կանգնեցնի իրեն ու իր ժողովրդին, ազատի բոլոր դժվարություններից ու նեղություններից և պարգևի հաղթական երգը նրանց շուրթերին։
Արդարև, գոհունակության և երախտագիտության զգացումն է, որ օգնեց Ամբակում Մարգարեին և շատ ու շատ ուրիշներին հաղթահարելու վատից-վատագույնը գնացող իրավիճակի մեջ։ Այն կարող է օգնել նաև ձեզ՝ ձեր կյանքի դժվարություններին, նեղություններին և անգամ դժբախտություններին առերեսվելիս։
Երբ թվում է, թե ձեր թզենին անպտուղ է, որթատունկը՝ անբողբոջ, ձիթենին՝ պտղազուրկ, իսկ դաշտերը՝ անբերրի, երբ թվում է, թե կյանքը վատից գահավիժում է դեպի վատագույնը, անգամ այդ ժամանակ, կարող եք զորանալ և հաղթանակել Տիրոջով, եթե գոհաբանական աղոթքով դիմեք ձեր փրկիչ Աստծուն, ով «կամրացնի ձեր ոտքերը և ձեզ բարձունք կհանի՝ հաղթելու իր երգով»։
«Ամեն ինչում գոհությո՛ւն մատուցեցեք, որովհետև ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս։ (Ա.Թեսաղոնիկեցիս 5:18) Եւ ձեր սրտերում թող հաստատվի Քրիստոսի խաղաղությունը … գոհությո՛ւն մատուցեցեք։ (Կողոսացիս 3:15)
Comments