• Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց

Շնորհավորական Ուղերձ




Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ համայն մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով:

Այսօր, երբ նշում ենք պանծալի Հաղթանակի 75-ամյա հոբելյանը, առանձնակի ջերմությամբ շնորհավորում և Մեր բարեմաղթանքներն ենք բերում Երկրորդ աշխարհամարտի և Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Ջերմորեն ողջունում և շնորհավորում ենք Արցախի ազատամարտին մասնակցած մեր ժողովրդի զավակներին և այսօր մեր հայրենիքի սահմանները անառիկ պահպանող մեր բանակի քաջարի սպաներին ու զինվորներին:

Հայրենիքի պաշտպանության, ազատության, խաղաղության նվիրական խորհուրդն ունի մեզ համար Մայիսի 9-ը: Երկրորդ աշխարհամարտում ձեռք բերված հաղթանակի կերտման և աշխարհում խաղաղության հաստատման գործում մեր փոքրաթիվ ժողովուրդը ունեցել է հերոսական մասնակցություն և արժանի ներդրում: Հայկական դիվիզիաների, ռազմական խմբավորումներ գլխավորող հայ զորահրամանատարների, հայ սպաների ու զինվորների սխրանքներն ու անցած փառապանծ ուղին մեր պատմության նշանակալի էջերից են, որոնց մեր ժողովուրդը միշտ հպարտությամբ է անդրադառնալու: Հայրենիքի ազատ, ապահով և խաղաղ կյանքի նույն ձգտումով ու նվիրումով մեր ժողովուրդը հաղթանակեց նաև արցախյան ազատամարտում: Հաղթանակեց հավատով, միահամուռ ջանքերով, բոլոր մարտահրավերներին դիմակայելու նախանձախնդրությամբ ու հանձնառությամբ և հայրենի Արցախում շեն ու բարօր նոր կյանք կառուցելու պայծառ տեսլականով:

Մայիսի 9-ի նվիրական հիշատակներն ու հաղթանակները միշտ պիտի զորացնեն մեզ, քաջալերեն դիմակայելու ծանր իրավիճակներին, հատկապես այսօր, երբ աշխարհը համակված է համընդհանուր նոր տագնապով, համավարակի բերած բազմաթիվ մտահոգություններով ու խնդիրներով, որոնք հուզում են նաև մեր կյանքը:

Աղոթում ենք, որ մեր ժողովուրդը առ Աստված ապավինությամբ, համախմբված ու միմյանց աջակից հաղթահարի մեր երկրի առջև ծառացած ներկա մարտահրավերները և միշտ ապրի հայրենիքին, ազգային կյանքին նվիրվածությամբ, նոր ձեռքբերումների հավատով ու վստահությամբ: Եվ թող հարուցյալ մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի հույսի, սիրո ու հավատի շնորհներն առաջնորդեն մեզ հաջողելու ամեն բարի գործի մեջ:

3 views
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.