top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Շա՞տ հող է պետք արդյոք մարդուն



Լև Տոլստոյը մի շատ խորիմաստ պատմվածք ունի ագահության և ընչաքաղցության մասին։ Նա պատմում է Պախոմ անունով մի հաջողակ հողագործի մասին, ով շարունակ ընդարձակում էր իր կալվածքները, բայց երբեք չէր բավարարվում իր ունեցվածքով. միշտ ավելին էր ցանկանում։


Մի օր Պախոմը գերշահավետ առաջարկ է ստանում՝ 1000 ռուբլու դիմաց գնելու այնքան հողատարածք, որքան նա կկարողանար քայլել մեկ օրվա ընթացքում։ Միակ պայմանն այն էր, որ նա պետք է մայրամուտին վերադառնար մեկնակետին՝ այն վայրը, որտեղից սկսել էր։ Հակառակ պարագային, նա կզրկվեր կալվածքից, ինչպես նաև իր 1000 ռուբլուց։


Հաջորդ օրը վաղ առավոտյան Պախոմը սկսեց քայլարշավը։ Կեսօրին մոտ արդեն հոգնել էր, սակայն շարունակում էր քայլել և ավելի ու ավելի հողատարածքների տրիանալ։ Երբ արդեն արևը մոտենում էր մայրամուտին և վերադառնալու ժամն էր, նա անդրադաձավ, որ բավականին հեռու է մեկնակետից և ամբողջ ուժով սկսեց ետդարձի վազքը։ Նա գիտակցում էր, որ եթե մայրամուտին վերադարձած չլիմի, ապա ոչ միայն կորցնելու էր խոշորագույն կալվածատեր դառնալու իր միակ հնարավորությունը, այլ նաև իր 1000 ռուբլին։

«Նրա կուրծքը դարբնի փուքսի նմամ հևում էր, իսկ սիրտը՝ մուրճի նման զարկում»։ Նա վերջին մի պրկումով լարեց իր ամբողջ ուժերը և խելահեղ վազքով հասավ մեկնակետին՝ նախքան արևը կանհետանար հորիզոնում։ Ավա՜ղ, այդ գերլարվածությանը նրա սիրտը չդիմացավ։ Նա ընկավ գետնին, հառաչեց ու շունչը փչեց։ «Նրա ծառան վերցրեց բահը և Պախոմի համար գերեզման փորեց նրա ողջ հասակի չափով՝ երեք արշին»։


Այս պատմվածքի վերնագիրն է՝ «Շա՞տ հող է պետք արդյոք մարդուն»։


Սուրբ Պողոս Առաքյալն ասում է. «Ոչինչ չբերեցինք աշխարհ և ոչինչ չպիտի կարողանանք տանել։ Ունենք ուտելիք ու հագնելիք և դրանցով բավարարվենք։ Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման ու կորստյան մեջ, որովհետև բոլոր չարիքների արմատը դրամասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք շեղվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազմաթիվ ցավերի մեջ»։ (Ա Տիմոթեոս 6:7–10)


Ժամանակակից մարդու ականջներին այս խոսքերը թերևս տարօրինակ հնչեն, սակայն 2000 տարի անց դրանք շարունակում են մնալ գոհունակ և երջանիկ սրտի գաղտնիքը, քանզի սեփական վիճակից գոհացողի համար մեծագույն հարստությունը աստվածպաշտությունն է։ (Ա Տիմոթեոս 6:6)

27 views0 comments

Recent Posts

See All

Trust in God

Kommentarer


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page