Սրանից ավել ի՞նչ ապահովություն և պաշտպանություն ենք փնտրում։ Որպես Աստծո զավակներ, մենք միշտ Նրա ամենախնամ պահպանության տակ ենք։ Ուր էլ որ գնանք, ինչ ցավի մեջ էլ որ լինենք, ինչ դժվարության, փորձության և նեղության հանդիպենք, Ամենազոր Աստված պահպանում է մեզ Իր Սուրբ Աջի հովանու տակ։
Աստված տարածում է իր հայրական սիրո գորովագութ խնամքը բոլոր նրանց վրա, ովքեր հաղորդության մեջ են Իր հետ։ Աստծո հովանին հանգստյան վայր չէ, այլ` մշտական բնակության, որտեղ կարող ենք գտնել մխիթարություն և խաղաղություն մեր ալեկոծ հոգիներին։
Ուրեմն, աղոթքի միջոցով և բարի գործերով տևական հաղորդության մեջ լինենք մեր Աստծո հետ, հարատևենք Նրա Ձեռքի հովանու տակ, քանզի այդ հովանու մեջ բնակվողներին և ոչ թե այցելուներին է Տերը խոստանում իր ամենախնամ պահպանությունը։
«Բոլորի պահապան Քրիստոս Աստված մեր. թող Քո Աջը հովանի լինի ինձ վրա. գիշեր և ցերեկ, տանը նստելիս, ճամփա գնալիս, քնած թե արթուն, որպեսզի երբեք չսասանվեմ։ Պահի՛ր և պահպանիր մեզ խաղաղության մեջ Քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո, փրկի՛ր երևելի և աներևույթ թշնամիներից։ Արժանացրու մեզ գոհությամբ փառավորելու Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն»։
Comments