• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Նոր Կիրակի


Այսօր, Սուրբ Զատկի տոնին հաջորդող առաջին կիրակին, կոչվում է Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ։


Նոր կիրակին մարդկային կյանքի վերանորոգության խորհուրդն ունի: Ինչպես որ ձմռան մեռելությունից հետո գարնանը բնությունը և կենդանական աշխարհը արթնանում, կենդանանում և վերանորոգվում են, այնպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենարար Հարությունը նորոգում է մեղքի պատճառով ապականված մարդուն և նոր կյանք պարգևում՝ առաքյալի խոսքի համաձայն. «Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ» (Բ. Կորնթացիներին 5.17)։


Քրիստոսի մեջ նոր կյանքն առաջ է բերում աննկարագրելի մի ուրախություն, որը հավիտենական է։ Քրիստոսի մեջ մարդու նոր կյանքը միահյուսվում է Քրիստոսի կյանքին և Աստծո կամքը, ծրագրերն ու իղձերը դառնում են իրենը։ Քրիստոսով նորոգված կյանքը վերականգնում է Աստծո պատկերը և նմանությունը մեր մեջ, զարդարում առաքինություններով և Աստծո հետ մարդու հարաբերությունը դարձնում է հաղորդություն. «Հավատարիմ է Աստված, որի կողմից կանչվեցիք հաղորդակից դառնալու իր Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին» (Ա. Կորնթացիներին 1.9)։


Այսօր, առավել քան երբևէ, կարիքն ունենք Քրիստոսի Սուրբ Հարության նորոգության և հավիտենական ուրախության։ Սուրբ Շնորհալի Հայրապետի բառերով աղոթենք Հարուցյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ ասելով. «Նորոգո՛ղ հնությունների, նորոգի՛ր և ինձ, նորից զարդարիր»։

22 views0 comments

Recent Posts

See All
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.