top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Նեղություն և Մխիթարություն



«Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության, որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր որևէ տեսակ նեղության մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծու կողմից»։ - Բ Կորնթացիներին 1:3-4


Այս հատվածում առաջին իսկ հայացքից երկու բառեր գրավում են ընթերցողի ուշադրությունը՝ «նեղություն» և «մխիթարություն»։ Այս բառերը գրեթե միշտ միասին են հանդես գալիս նաև մեր կյանքում։ Նեղությունն այն հոգեկան լարվածությունն է և ճնշման ցգացողությունը, որն այսօր թերևս շատերս ենք զգում, երբ մտածում ենք վաղվա օրվա մասին։ Այն խորը մտատանջությունն է, որ կարծես ծանրացած է մեր որովայնի մեջ՝ լի ապագայի նկատմամբ ամենատարբեր վախերով։ Նեղությունն է հաճախ պատճառը մեր գերլարված օրվա և անքուն գիշերների։


Ի հակադրություն «նեղությանը» հանդես է գալիս «մխիթարությունը», որը հայերեն արմատական բառարանում բացատրվում է հետևյալ կերպ. «մի՛ խիթար, մի՛ վախենար, հոգ մի՛ անիլ»։ Սակայն, Աստվածաշնչում մխիթարությունն ավելին է քան պարզ քաջալերական խոսքը, այն նշանակում է «ուժ տալ», «զորացնել»։


Պողոս Առաքյալն այս հատվածում խոսում է իր անձնական փորձառության մասին, այն զորության մասին, որ Աստված պարգևեց նրան՝ հանգիստ հոգով և խաղաղությամբ դիմակայելու համար նեղություններին, ճնշումներին ու լարվածությանը։ Նա պատգամում է չվախենալ և չմտահոգվել, քանզի մեր Տեր Աստված «Հայրն է գթությունների և Աստված ամեն մխիթարության»: (Բ Կորնթացիներին 1:3)


Աստված անտարբեր չէ և գիտի մեր բոլոր նեղություններն ու դժվարությունները։ Գթառատ Հայրը մեզ հետ է մեր ցավի, կորուստների, տրտմության և ամեն տեսակ նեղության մեջ։ Նա ոչ միայն մեզ հետ է և հոգում է մեր մասին, այլև խոստանում է մխիթարություն պարգևել մեր անհանգիստ հոգուն և մտքին։ Ինչ տեսակի նեղության մեջ էլ, որ լինենք, միշտ հիշենք, որ կարող ենք ապավինել Աստծո սիրառատ գթությանը և Նրա ամենակարող զորությանը։


Հուսկ, Նա միայն մեզ համար չէ, որ տալիս է Իր զորությունն ու խաղաղությունը, այլ «որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր որևէ տեսակ նեղության մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծու կողմից»: (Բ Կորնթացիներին 1:4)

81 views0 comments

Recent Posts

See All

Comentários


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page