2019 թվականի մայիսին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Պրն. Ռուբեն Ռուբինյանը այցելեց Նյու Յորքի Սբ. Վարդան Մայր եկեղեցի, որի լուսարարապետն էի այդ ժամանակ: Պարոն Ռուբինյանի հետ շուրջ մեկ ժամ հետարքրական զրույց ունեցանք Հայ Եկեղեցու ճարտարապետության, մանրանկարչության և արվեստի շուրջ: Որպես հայ հոգևորական և հայ մարդ, ուրախություն ապրեցի, որ հայոց պետական այրը նման խոր գիտելիքներ ունի Հայ եկեղեցու և նրա դարավոր ավանդության վերաբերյալ: Մեր խոսակցության ավարտին, զարմացած նրա իմացության և գիտելիքների վրա, հարցրեցի, թե որտեղի՛ց գիտի այդքան մանրամասներ քրիստոնեության և քրիստոնեական արվեստի մասին: Նա պատասխանեց. «Դպրոցում ենք սովորել, Հայ Եկեղեցու պատմություն առարկայից»:
Իսկ այսօր, խորապես մտահոգիչ և ցավալի է, երբ մեր կառավարության կողմից որոշում է կայացվում «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան դպրոցական առարկայացանկից դուրս թողնելու մասին:
Տակավին լիահույս եմ, որ մեր հայրենի իշխանավորները անդրադարձ կունենան և իմաստություն ու հեռատեսություն կդրսևորեն, որպեսզի չզրկեն հայ պատանիներին Հայոց եկեղեցու վերաբերյալ տարրական կրթություն ստանալու կարևորագույն հնարավորությունից:
Ի վերջո, ինչպե՞ս պիտի կերտվի մեր հայորդիների բարոյական և հոգևոր նկարագիրը, որտե՞ղ նրանք պիտի սովորեն համաշխարհային մշակույթին ավանդ բերած հայ եկեղեցու կենտրոնագմբեթ ճարտարապետության յուրօրինակությունը, առաքելական քրիստոնյա լինելու եզակիությունը, Հայոց սրբազան գրերի աստվածաշունչ աղոթքը, հայ մանրանկարչության ավետարանական խորքերը, Նարեկացու աստվածաշնչյան պատկերների խորությունը, Շնորհալու` աստվածացման ճանապարհը, կոմիտասյան հանճարի գաղտնիքը: Ցանկն անսպառ է, ինչպես, որ անսպառ է մեր Մայր Եկեղեցու վաստակը և նվիրումը հայ ժողովրդի կյանքում:
Եկեղեցին, արդարև, մեր ժողովրդի Մայրն է, որի մկրտության սրբազան ավազանից ենք ծնվել բոլորս` որպես հայ քրիստոնյաներ: Իսկ Մոր հանդեպ նման վերաբերմունքն արժանի է միմիայն դատապարտության:
Սիրելիներ, սթափվե՛ք և մտաբերե՛ք Սուրբ Պողոս առաքյալի խոսքերը հինգերորդ պատվիրանի վերաբերյալ. «Պատվի՛ր քո հորն ու մորը, - որ առաջին պատվիրանն է՝ տրված խոստումով, - որպեսզի լավ լինի քեզ համար, և երկար կյանք ունենաս երկրի վրա»: (Եփեսացիներին 6:2)
コメント