• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Մխիթարիչ Ներկայությունը



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 23-րդ օրն է և օրվա ընթերցվածը Հոբի գրքից է (38.2-39.35):

Հոբի գրքի այս հատվածը, որը բնագրով համարվում է համաշխարհային պոեզիայի գոհարներից մեկը, գրքի իմաստային բարձրակետն է։ Աստված ընդհատում է 37 գլուխների մեջ նկարագրված Հոբի ու նրա ընկերների բանավեճը և ուղղակիորեն խոսում Հոբի հետ փոթորկի և ամպի միջից:


Աստված մարտահրավեր է նետում Հոբին. «Տղամարդու պես պնդացրո՛ւ մեջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ»: Նա սկսում է աշխարհի արարումից: Առաջին իսկ հարցադրումը կոչ է սթափության. «Ո՞ւր էիր, երբ ես հիմք դրի երկրի հիմքերը», այսինքն՝ որտե՞ղ էր մարդկությունը տիեզերքի արարչության ժամանակ: Այնուհետև Նա հարցեր է տալիս բնության երևույթների, կենդանական ու բուսական աշխարհի կենսագործունեության մասին։


Աստված հարցադրումների միջոցով բացում է Հոբի աչքերը՝ տեսնելու մարդկային մտքի և գիտելիքների սահմանափակ լինելու հանգամանքը: Հոբին և նրա ընկերներին թվում էր, թե կարող են քննել կյանքի խորհուրդներն ու Աստծո գործերը։ Սակայն Աստված խոնարհեցնում է նրանց՝ ի ցույց դնելով, թե մարդիկ որքան քիչ գիտեն տիեզերքի ու ամենակարող Աստծու գործերի մասին: Իրականությանն առերեսվելով՝ Հոբը պատասխանում է. «Ոչնչություն եմ, ի՞նչ պատասխան պիտի տամ ես այդ մասին. միայն պիտի ափիբերան լինեմ» (Հոբ 40.4)։


Արդարև, դարեր շարունակ մարդիկ ձգտում են հասկանալ, թե որտեղից և ինչպես է առաջացել տիեզերքը, թե ո՞վ է դրա հեղինակը: Այսօր էլ, թեև գիտությունը առաջընթաց է ապրում, և մարդիկ անգամ տիեզերք են թռչում բացահայտելու դրա գաղտնիքները, բայց գիտնականները խոստովանում են, որ անծայրածիր տիեզերքի 5 տոկոսն են ուսումնասիրել միայն:

Այսուհանդերձ, Հոբին ուղղված Աստծո խոսքը Նրա ողորմության և սիրո անմիջական հայտնությունն էր: Անասելի տառապանքների մեջ գտնվող Հոբը հենց դրա կարիքն ուներ: Հոբի մշտական ​​աղոթքն ու Աստծուն գտնելու խորը ցանկությունը վերջապես գտավ իր պատասխանը: Տիրոջ հայտնությունը Հոբին, քաջալերում է մեզ, որ մեր դժվարությունների, նեղությունների և ողբերգությունների մեջ ամենևին միայնակ չենք։ Աստված հայտնվում է բոլոր նրանց, ովքեր ապավինում են Իրեն և անդադար աղոթքով հայցում Նրա ողորմությունը:

Ուրեմն, սիրելինե՛ր, Աստծո հետ մեր հաղորդության նպատակը թող լինի ոչ թե Նրա և Նրա գործերի մտավոր ընկալումը, այլ՝ Նրա մխիթարիչ և զորացնող ներկայությունը: Խոնարհաբար վստահենք Նրան և հնազանդվենք Նրա Սուրբ Կամքին և Նա պիտի զորացնի մեզ հաղթահարելու մեր առջև ծառացած ցանկացած դժվարություն և փորձություն:

5 views0 comments

Recent Posts

See All
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.