• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Մի՛ վախեցիր



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 27-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Եսայու Մարգարեության գրքից է (43.1-3):


Շատերը թյուրիմացաբար կարծում են, որ, Աստծուն հավատալով և քրիստոնյա դառնալով, երկրի վրա անհոգ ու դրախտային կյանք պիտի ունենան։ Ավա՜ղ, ամեն բան այս աշխարհում ապականված է մեղքով՝ կենդանական և բուսական աշխարհը, մարդկային հասարակությունն ու տնտեսությունը, մեր մարմիններն ու մեր հարաբերությունները։


Այդ պատճառով էլ դժվարություններն ու նեղություններն անպակաս են մեր կյանքում։ Տևական փորձությունների մեջ ենք ընկնում, որովհետև աղոթում ենք «Տե՛ր, քո կամքը թող լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա», բայց մե՛ր կամքն ենք թելադրում։


Իսկ նրանց համար, ովքեր ապավինում են Աստծուն և կատարում Նրա կամքը, այսպես է ասում Տեր Աստված. «Մի՛ վախեցիր, որովհետև փրկեցի քեզ և քեզ կոչեցի քո անունով, որ իմն ես։ Եթե ջրերի միջով անցնես, քեզ հետ կլինեմ, և գետերը քեզ չեն խեղդի. եթե կրակի միջով անցնես, չես այրվի, և նրա բոցը քեզ չի կիզի, որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը» (Եսայի 43.1-3)։


Այսօրվա ընթերցվածի մեջ Աստված հիշեցնում է մեզ, որ մենք թանկ ենք նրա համար։ Նա՛ արարեց և փրկեց մեզ։ Նա խոստանում է, որ միշտ մեզ հետ է լինելու փորձությունների և դժվարությունների մեջ։


Աստված չի խոստանում, որ երբ նեղությունների խորունկ ջրերի ու գետերի միջով անցնենք, չպիտի թրջվենք։ Որոշ նեղություններ, բնականաբար, ցավ պիտի պատճառեն մեզ, պիտի թրջվենք, բայց Աստված խոստանում է, որ չպիտի խեղդվենք։ Երբ նեղությունների կրակի միջով անցնենք, հաճախ այրվածքներ պիտի ստանանք, բայց Աստված խոստանում է, որ ամբողջովին չպիտի այրվենք։ Աստծո պահպանությամբ և օգնականությամբ պիտի դուրս գանք փորձության հորդառատ գետերից և կրակի հնոցներից։


Վստա՛հ ենք, որովհետև Աստված խոստացավ։

Հավատո՛ւմ ենք, որովհետև մեր պատմությունն է վկայում։

Գիտե՛նք, որովհետև սա է մեր հավատը։

12 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube