«Բայց արդ մերժեցիր և անարգեցիր մեզ և չելար մեր զորքի հետ, ո՛վ Աստված։ Մեզ թիկունք դարձնել տվեցիր մեր թշնամիների առաջ, և մեզ ատողները հափշտակեցին մեզ։ Մեզ ոչխարի պես տվեցիր մորթվելու և մեզ հեթանոսների մեջ ցրեցիր։ Առանց գնի վաճառեցիր քո ժողովրդին, և մեր աղաղակն այժմ թիվ-համար չունի։ Մեզ մեր հարևանների նախատինքը դարձրիր և մեր դրացիների ծաղր ու ծանակը։ Մեզ հեթանոսների մեջ ասելիք դարձրիր, և ժողովուրդները մեր մասին լսելիս գլուխներն էին շարժում» (Սաղմոս 43:10-15)։
Շուրջ երեք հազար տարի առաջ գրված Աստվածաշնչի այս տողերը կարծես մերօրյա մռայլ իրականության մասին լինեն։ Սաղմոսերգուն չի կարողանում հասկանալ, թե ինչո՛ւ իր ժողովուրդը պարտվեց, ինչո՛ւ շարունակ տառապանքի մեջ է։ Նա հավատացած է, որ վստահել են Աստծուն, հավատարիմ են մնացել Նրա ուխտին ու պահել պատվիրանները։
Այսուհանդերձ, նա հարցադրում է անում. «Մի՞թե մոռացանք մեր Աստծու անունը կամ ձեռք մեկնեցինք օտար աստվածներին։ Սակայն Աստված այդ կիմանա, որովհետև նա է քննում մեր սրտի գաղտնիքները» (Սաղմոս 43:21-22)։
Պարտության նախատինքն ու կորստի դառնությունն այնքան ծանր են, որ թվում է թե Աստված մոռացել է նրանց։ Այսուհանդերձ, Սաղմոսերգուն չի հուսալքվում և չի հանձնվում։ Փոխարենը, նա դիմում է Աստծուն էլ ավելի ջերմեռանդ աղոթքով. «Մեր անձերը մինչև գետին խոնարհվեցին, իսկ մեր մեջքերը հողին հավասարվեցին. Ելի՛ր, Տե՜ր, օգնի՛ր մեզ և փրկի՛ր մեզ հանուն քո անվան» (Սաղմոս 43:26-27)։
Այսօր մենք հայտնվել ենք նման մի ծանր իրավիճակում, երբ չենք կարողանում հասկանալ, թե ինչո՛ւ պատրվեցինք, ինչո՛ւ Աստված չօգնեց մեզ, ինչո՛ւ ենք շարունակ տառապում։ «Ինչու»-ները շատ են, իսկ պատասխանները սակավ։ Սակայն այս բազում հարցադրումների մեջ անկեղծ անդրադարձ ունենանք մեր ապրած այս վերջին 30 տարիներին և հարց տանք ինքներս մեզ. «Մի՞թե մոռացանք մեր Աստծու անունը»։
Աստվածաշունչը վստահեցնում է, որ դժվարություններն ու նեղությունները դեռ չեն նշանակում, որ Աստված մոռացել կամ լքել է մեզ։ Այդ ամենի մեջ մենք կոչված ենք հոգով և սրտով դառնալու դեպի Աստված, դիմելու Նրան էլ ավելի ջերմեռանդ աղոթքով, վստահելու Նրան և ապրելու Նրա Սուրբ Կամքի համաձայն։ Այդժամ վստա՛հ եղեք, Աստված պիտի օգնի մեզ և փրկի մեզ հանուն Իր Սուրբ Անվան։
Commenti