Խաչելությունից ժամեր առաջ, առաքյալների հետ իր վերջին ընթրիքն, մեր Տեր Հիսուս Քրիստոս աղոթում էր նրանց և մեր միության համար (Հովհաննես 17:1-26)։ Այդ աղոթքի մեջ Նա մի շարք կարևոր բաներ է ասում միության մասին, որն արժէ վերհիշել և մտապահել, հատկապես այս օրերին, երբ ամեն կողմից հարձակման տակ է մեր Եկեղեցու և Ազգի միությունը։
Ա. Միության աղբյուրն Աստված է։ Ավետարաններում ոչ մի տեղ Հիսուս կոչ չի անում միավորվելու, միություն ստեղծելու, որովհետև իրական միությունը մարդկանց անձնական ջանքերի արդյունքը չէ։ Միությունը մեզ շնորհված է Աստծո կողմից Քրիստոս Հիսուսով, և Նա աղոթում է Հորը, որ պահպանի ու պաշտպանի այն։
Բ. Իսկ ո՞րն է այդ միությունը։ Այդ միությունը համեմատական է Հոր և Որդու միջև գոյություն ունեցող միությանը։ Հիսուս աղոթում է. «որպեսզի լինեն մի, ինչպես մենք էլ մի ենք»։ Այն միությունը, որ գոյություն ունի Սուրբ Երրորդության անձերի մեջ, քրիստոնեական հավատի բարձրագույն խորհուրդն է։ Երեք անձեր, սակայն մեկ Աստված և մեկ աստվածային բնություն։ Այդ միությունը բնության և էության միություն է։
Մեր միությունն էլ, Սուրբ Երրորդության միության նման, էության և բնության միություն է։ Մեր մարդկային բնությամբ և մեր էության խորքում բոլորս նույնն ենք։ Բոլորս էլ մեղավոր մարդ արարածներ ենք՝ ծնված մեղավոր աշխարհում և, սակայն, նորոգվել ենք Քրիստոս Հիսուսով մկրտությամբ, և ձգտում ենք հաղորդակից դառնալ աստվածային բնությանը։
Մենք բոլորս էլ Հայկ Նահապետի սերունդն ենք, մեր երկաներով հոսում է նույն արյունը, մենք կրողն ենք նույն պատմամշակութային ժառանգության, նույն լեզվի ու հավատքի և ունենք նույն սրբազան Հայրենիքը։ Մենք չենք ընտրել մեր ազգությունը և թե որտեղ պիտի ծնվենք։ Կարող ենք չսիրել մեր ազգը, փոխել մեր անունն ու ազգանունը, և օտարասիրությունից մղված փորձել այլազգի ներկայանալ, բայց միևնույն է չենք կարող դեմ գնալ բնությանը, արյան և գեների կանչին, մեր էությունը։
Ուրեմն, մեր ազգի և եկեղեցու միությունը աստվածապարգև էության միությունն է, որը բխում է մեր սրտից և հոսում մեր երկաներով։
Գ. Եվ այդ միությունը, անշուշտ, կարիքն ունի պահպանության ու պաշտպանության։ Տեր Հիսուս գիտի, որ մեղքերի պատճառով մենք շատ դյուրությամբ կարող ենք կորցնել այն և դրա համար էլ աղոթում է, որպեսզի Աստծո առաջնորդող և ամենազոր աջը պահպան լինի մեզ՝ դիմագրավելու մեր միության տեսանելի և անտեսանելի բոլոր թշնամիներին։ Թշնամին ցանկանում է տեսնել մեզ անմիաբան և տկար։ Նա հրճվում է տեսնելով մեր վեճերը, բաժանումներն ու կռիվները, որոնք սեպ են խրում մեր միության մեջ։
Անկասկած, անմիաբանությունը մեղքի ծնունդ է։ Այնքան մեղք կա և մեղադրանք մեր շուրջբոլորը, որ մեզնից ոչ ոք չի կարող զերծ մնալ դրանցից։ Խոնարհաբար ընդունենք սա։
Սեկվոյան աշխարհի ամենաբարձրահասակ ու ամենաերկարակյաց ծառերից է, որը երկրի վրա հայտնվել է դեռևս 2 միլիոն տարի առաջ: Այն ճահճանոճազգիների ընտանիքին պատկանող մշտադալար ասեղնատերև ծառ է, որի բարձրությունը հասնում է 150 մետրի, իսկ բնի տրամագիծը 10-15 մետրի: Սեկվոյան հատում են ավելի քան 13 օրում և մինիմում 7 մետրանոց սղոցով: Այն չի այրվում և չի փտում, նրա էներգիայի հզորությունը շատ մեծ է, և կարողանում է ինքն իրեն բուժել հնարավոր վնասվածքներից:
Սեքվոյաներն ապրում են 2000-3000 տարի, իսկ գաղտնիքն այն է, որ նրանք աճում են հիմնականում խմբերով, և միահյուսված արմատներով՝ զորացնում են մեկը մյուսին ու պաշտպանում քամիներից և փոթորիկներից։
Եթե ցանկանում ենք, որ մեր ազգը գոյատևի դրերով և անհաղթահարելի կանգնի ցանկացած վտանգի դեմ, ապա պետք է սեքվոյաների նման մեր միահյուսված արմատներով զորացնենք միմյանց։
Մենք մեկս մյուսի կարիքն իրապես ունենք։ Այսօր, առավել քան երբևէ, կարիքն ունենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի աղոթքի, որպեսզի Հայրը անվտանգ պահի մեր միությունը, որն ունենք Քրիստոսով՝ միմյանց միահյուսված մեր հավատքով, լեզվով, պատմությամբ, մշակույթով և հայի արյամբ նվիրագործված մեր սրբազան Հայրենիքով։
Comments