«Երբ կյանքում որևէ հաջողություն ենք ունենում, հաճախ ենք պարծենում՝ ասելով, թե բախտավոր ենք և կամ հաջողակ։ Այնուամենայնիվ, ինչպես Հակոբոս Առաքյալն է հուշում, մեր կյանքի հաջողությունները աստվածային օրհնություններն են և «վերևից են՝ իջած լույսի Հորից», այսինքն՝ լույսի պես հեղվում են մեզ վրա ամեն օր ու ամեն ժամ։
Աստծո կատարյալ պարգևներից մի քանիսը Առաքյալը հիշատակում է իր թղթի մեջ, հենց նույն առաջին գլխում. իմաստություն (հմր. 5), փորձությանը համբերողներին տրվող կյանքի պսակը (հմր.12) և Ճշմարտության Խոսքը, որը Ավետարանն է (հմր.18)։ Այս պարգևներն ավելի արժեքավոր են, քան նյութական օրհնությունները, որոնց մարդիկ սովորաբար ձգտում են։
Օրհնություններ էլ կան, որոնց շատ հաճախ չենք անդրադառնում։ Շատ ու շատ մարդիկ կերազեին իրենց աչքերով տեսնել գարնան հոգեզմայլ կանաչությունը, ունկնդրել բնության հիասքանչ մեղեդին, հոտոտել գարնանային ծաղիկների բուրմունքը, դեպի կապուտակ երկինք պարզել իրենց ձեռքերը և կամ վազել սաղարթախիտ արահետներով։ Սա պարզագույն թվարկումն է այն բյուր օրհնությունների, որոնք Աստված պարգևում է մեզ մեր կյանքի ամեն մի վարկյան, մեր ամեն մի շնչի հետ։
Ուրեմն, ուրախությամբ և սիրով ընդունենք Աստծո պարգևները և ասենք, որ օրհնված ենք և ոչ թե բախտավոր կամ հաջողակ։ Եվ գոհունակ սրտով աղոթենք՝ ասելով. «Ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև Քո կողմից՝ վերևից են իջած, Դու, որ լույսի Հայրն ես և Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»: Մեսրոպ վարդապետ Պարսամյան
コメント