top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Մաքրություն



«Հիսուսի մոտ եկավ մի բորոտ։ Նա ծնկի իջած աղաչում էր և ասում. «Տե՛ր, եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։ Հիսուսը գթալով ձեռքը երկարեց, դիպավ նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ երբ նրան այս ասաց, բորոտությունը նրանից իսկույն գնաց, և նա մաքրվեց»։ (Մարկոս 1:40–42)


Բորոտությունը խրոնիկական վարակիչ հիվանդություն է, որն ախտահարում է հիմնականում մաշկը, ծայրամասային նյարդերը, վերին շնչառական ուղիների լորձաթաղանթը և աչքերը։ Սակայն, Աստվածաշնչում բորոտություն հիվանդության մասին խոսելիս, միշտ գործածվում է «մաքրություն» և ոչ թե «բժշկություն» բառը։ Ավետարանի այս հատվածում բորոտը չի ասում. «Եթե կամենաս, կարող ես ինձ ԲԺՇԿԵԼ», այլ՝ «ՄԱՔՐԵԼ»։ Երբ Հիսուս ուղարկում էր իր առաքյալներին Ավետարանը քարոզելու, նրանց ասում է. «Հիվանդներին բժշկե՛ք, բորոտներին մաքրե՛ք» (Մատթեոս10:8)


Ինչո՞ւ։ Որովհետև բորոտությունը նմանեցվում է մեղքի հետ, որը գործում է բորոտության նման։ Բորոտության տարօրինակությունն այն է, որ արտաքնապես թվում է, թե հիվանդը ահավոր ցավերի մեջ է, սակայն իրականում բորոտը գրեթե ցավ չի զգում, քանի որ այդ հիվանդությունն առաջին հերթին սպանում է մարդու նյարդային բջիջները։


Բորոտության նման, մեղքը ևս առաջին հերթին սպանում է մեր խղճի բջիջները, ճշտի և սխալի մեր զգայությունը։ Խիղճը հոգևոր ցավի ազդակների ընկալիչն է։ Սակայն, երբ ժամանակի ընթացքում մեղքն ընդարմացնում և թմրեցնում է մեր խիղճը, չենք զգում մեր հոգում բացված վերքերի ցավը։ Որքան անտեսում ենք մեղքը, այնքան ավելի պակաս ենք ցավ զգում։


Տարօրինակ է, սակայն երբեմն ցավը կարևոր է և անգամ` օգտակար, որովհետև եթե ցավ չզգանք, ապա կշարունակենք անգիտակցաբար վնաս պատճառել մեզ։ Նրանք ովքեր ասում են, թե «Ես իմ խղճի ձայնին եմ հետևում», ցավոք կարող են շատ հեշտությամբ սխալվել, որովհետև որքան տկարանում է մեր խիղճը, այնքան այն ավելի անհուսալի է դառնում։ Խիղճը բթանում է և չի զգում մեր հոգուն պատճառած մեղքի վնասները։


Ուրեմն, աղոթքով խնդրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի մաքրի մեր խիղճը և հոգևոր զգայարանները մեղքի ապականությունից՝ ասելով. «Արդ, ո՜վ երկնավոր, հզոր ու բարի դու խնամակալ, ստեղծիչդ ամեն ինչի՝ ոչնչից, կայծն իմաստության զորավոր խոսքիդ մոտեցրու լեզվիս, որպեսզի դառնա առիթ մաքրության՝ Քո ձեռքով կերտված մարմնիս մաս կազմող զգայարանքներիս: Եվ ես նրանցով՝ քո կամքով կազմված և քեզնով բուժված՝ նոր պատրաստությամբ, անպակաս ձայնով, անհատ բարբառով Քեզ վերընծայեմ գոհաբանություն՝ Ի փառս քո Հոր՝ մեծ Աստուծո, հավիտյանս. Ամեն»: (Նարեկ, Բան 22)

47 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page