• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Մատիտի առակը



Մատիտ ստեղծող վարպետը հետևյալ բառերով դիմեց իր ստեղծագործությանը. «Հինգ բան կա, որ արդյունավոր կյանք ունենալու համար ուզում եմ միշտ հիշես.


Առաջին՝ քո ամենակարևոր մասը, իրական արժեքդ քո ներսում է։ Երկրորդ՝ կյանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ պիտի հղկվես, որպեսզի արժեքդ հայտնի դառնա։ Երրորդ՝ պետք է միշտ լինես Մեկի ձեռքում, որպեսզի հրաշքներ գործես։ Չորրորդ՝ կկարողանաս ջնջել և սրբագրել սխալներդ։ Եվ հինգերորդ՝ անկախ ամեն ինչից, պետք է շարունակես գրել։ Ինչ մակերեսի վրա էլ որ գործածվես, պետք է հետք թողնես"։


Այս խորիմաստ առակը կարծես մարդկային կյանքի ամփոփ նկարագրությունը լինի։ Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված մարդ արարածներիս մեծագույն արժեքը մեր ներսում է. ամենալավն ու ամենաբարին միշտ սրտից է բխում։ Մեր իրական արժեքը հայտնի է դառնում դժվարությունների ու փորձությունների մեջ, որոնք հղկում են մեզ և դարձնում ավելի լավը։ Դրա համար էլ Ս. Հակոբոս առաքյալը հորդորում է. «Ամենայն ուրախության արժանի՛ համարեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք. իմացե՛ք, որ ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում, իսկ համբերությունը թող լիառատ արդյունք տա, որպեսզի անթերի և կատարյալ լինեք ու ոչ մի բանով պակաս չլինեք» (Հակոբոս 1.2-4):


Իսկ մեծամեծ գործեր կատարելու համար պետք է մեր կյանքն Աստծո ձեռքը հանձնենք` Ս. Պողոս Առաքյալի նման ասելով. «Ամեն ինչ կարող եմ նրանով, որ զորացրեց ինձ» (Փիլիպեցիներին 4.13)։


Անշուշտ, մեղսալից այս աշխարհում սխալներն անխուսափելի են, բայց պետք չէ հուսահատվել, ապաշխարությամբ կարող ենք խնդրել Աստծուց, որպեսզի սրբագրի դրանք։ Եվ ի վերջո, անկախ իրավիճակներից ու հանգամանքներից, պետք է շարունակենք ապրել և արարել՝ մեր հետքը թողնելով այս աշխարհում` Աստծո փառքի համար։


Ուրեմն, չվախենանք և չտրտնջանք նեղություններից ու դժվարություններից, հանձնենք մեր կյանքն Աստծո ամենախնամ ձեռքը և թույլ տանք, որ Նա մեր կյանքի միջոցով գրի անջնջելի ու գեղեցիկ պատմություններ։

4 views0 comments

Recent Posts

See All
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.