Ստրասբուրգում ուսանելու տարիներին, մի օր, երբ համալսարան էի գնում, պատի վրա տեսա մի գրություն, որն ասում էր. «Վանդակի մեջ գտնվող թռչունները երգում են ազատության մասին, իսկ ազատ թռչունները պարզապես ճախրում են»։
Աստված, որ ստեղծել է թռչուններին, երբեք վանդակներ չի ստեղծել։ Մարդիկ են, որ շինում են վանդակներ, ինչպես թռչունների, այնպես էլ, ցավոք, իրենց համար՝ կազմված ամենատարբեր մեղքերից, մոլություններից ու վախերից և այդ վանդակների մեջ երկար մնալու պատճառով, հաճախ կարկամում են, կանգնում են մեկ ոտքի վրա և բարձրաձայն երգում ազատության մասին։
Մեր Տեր Հիսուս Քրիստոս Ավետարանի մեջ ասում է. «Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Եւ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի»։ (Հովհաննես 8:31-32) Մեզ համար ճշմարտությունը գաղափար կամ տեսություն չէ, այլ՝ Անձնավորություն։ Ճշմարտությունը հենց ինքը՝ Հիսուս Քրիստոսն է, Ում հետ հաղորդության մեջ լինելով, Նրա ճշմարիտ աշակերտները դառնալով՝ կարող ենք հասնել իրական ազատության։
«Իսկ արդ, եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք» (Հովհաննես 8:36)։ Կարևոր չէ, թե որտեղ կամ ինչու ենք բանտարկել ինքներս մեզ, Աստծո միածին Որդին կարող է և ցանկանում է կատարյալ ազատություն պարգևել մեզ։
Եվ երբ Նրա ձեռքից բռնելով ու Նրա Խոսքին անսալով՝ դուրս գանք մեր «վանդակներից» և վայելենք աստվածապարգև ազատության շունչը, այդ ժամանակ միայն ամբողջովին կհասկանանք, որ Աստված մեզ ստեղծել է նման կյանքի համար՝ վերասլաց ճախրելու «Աստծո զավակների փառավոր ազատության» մեջ (Հռոմեացիս 8:21)։
Comments