top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ճանապարհը



Աստվածաշնչի հիմնական թեմաներից մեկը՝ ճամփորդության թեման է։ Դժվար է Աստվածաշնչում գտնել մեկին, ով տևական երկխոսության մեջ է Աստծո հետ և շարժման մեջ չէ։ Թվում է, թե ո՛չ ոք Սուրբ Գրքում Աստծուն չի գտնում տեղում նստած։ Հավատքը բացահայտվում է ճանապարհին։


Նոր Կտակարանի Գործք Առաքելոց գրքում, որը Քրիստոնեական Եկեղեցու սկզբնավորման պատմությունն է, Եկեղեցու նախնական անունը «Ճանապարհ» է, իսկ առաջին քրիստոնյաներին կոչում են «Ճանապարհի հետևորդներ» (Գործք 9:1-2, 19:9)։ Ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս է ասում. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ. 14:6)


Արդարև, Ավետարանը ճանապարհի պատմություն է։ Առաքյալներն իրենց ողջ կյանքն անցկացրին ճանապարհներին, նախ` հետևելով Հիսուսին, ապա` տարածելով փրկության Ավետարանը։


Տեր Հիսուս ինքը ծնվեց ճանապարհին։ Սուրբ Ծննդյանը նախորդող այս օրերին Աստվածամայր Մարիամը և Հովսեփը ճամփորդում են Նազարեթից Բեթղեհեմ, շուրջ 130 կմ և շուտով կհասնեն Բեթղեհեմ։ Իմաստուն մոգերը երկու տարի է արդեն ճանապարհին են և նրանք ևս շուտով կհասնեն Երուսաղեմ՝ փնտրելու նորածին Արքային։ Հովիվներն էլ ճամփա են ելել՝ իրենց հոտը արածացնելու և հրեշտակների ավետիսը առնելով՝ պիտի ասեն միմյանց. «Եկե՛ք գնանք մինչև Բեթղեհեմ եւ տեսնենք, թէ ի՛նչ բան է այս եղածը, որ Տերը մեզ ցույց տվեց» (Ղուկաս 2:15)։

Լինել քրիստոնյա՝ նշանակում է հետևել Տեր Հիսուս Քրիստոսին, լինել Նրա հետ ճանապարհին: Ոմանց համար, դժբախտաբար, այդ հոգևոր ճամփորդությունն անցնում է «կասկածների պողոտայից» դեպի «անհավատության փակուղի», իսկ երանելի են նրանք, որ հասնում են հավատի մսուրին։


Մաղթում եմ, որ մեր հոգևոր ճամփորդության մեջ բոլորս կարողանանք հասնել հավատի մսուրին, քանզի մանուկ Հիսուսին պայծառ ու լուսավոր դեմքը տեսնելուն պես ճանապարհի մեր ողջ հոգնությունը պիտի անհետանա և հոգևոր ուրախության մեջ փառք ու օրհնություն պիտի տանք Աստծուն «այն ամենի համար, որ լսեցինք ու տեսանք»։

36 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page