top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ձյան պես ճերմակ



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի առաջին օրն է և օրվա ընթերցվածը Եսայու Մարգարեության գրքից է.


«Լվացվե՛ք, մաքրվե՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին։ Սովորեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեք, փրկեք զրկվածի՛ն, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրուն։ Եկե՛ք իրար հետ քննենք,- ասում է Տերը.- եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի պես։ Եվ եթե հոժար լինեք ու լսեք ինձ, կճաշակեք երկրի բարիքները. իսկ եթե չկամենաք ինձ լսել, սո՛ւրը պիտի ուտի ձեզ»։ Տիրոջ բերանը խոսեց այս»։

Եսայու մարգարեություն 1.16-20


Մեղքի, անտարբերության և անօրենության գտնվող իր ժողովրդին Աստված հորդորում է. «Եկե՛ք … իրար հետ քննենք»։ Աստված հրավիրում է իր զավակներին գալու դեպի իրեն և գիտակցելու, որ եթե միայն ընդունեն Իր ողորմության անհրաժեշտությունը, ապա Նա ամբողջապես կմաքրի նրանց բոլոր մեղքերը։


Նույնը հրավերը վերաբերում է նաև մեզ, Մեծ Պահքի առաջին այս օրը։ Ձևացնելով թե ամեն բան կարգին է, ամենատարբեր պատճառներ և մեղավորներ փնտրելով, և կամ ասելով, թե անմեղ ենք՝ հառանում ենք Աստծուց։ Մեր հոգևոր կյանքի մեջ ոչ մի փոփոխություն չի կարող լինել, մինչև չընդունենք մեր մեղքերը, խոստովանենք Աստծուն և հայցենք Նրա ողորմությունը։ Ինչպես Հովհաննես Առաքյալն է ասում. «եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է Նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1.9)։


Հին աշխարհում լայնորեն գործածված հայկական որդան կարմիրը շատ կայուն ներկ էր, այդ թվում լույսի ազդեցության հանդեպ։ Այն օգտագործվում էր մանածագործության մեջ թելերի, մանվածքի ներկման, կտորների և գորգերի արտադրության մեջ, ինչպես նաև շինարարության և խաչքարագործության մեջ։ Մինչ օրս դրա հետքերը հայտնաբերվում են Ք.Ա. 4-3 հազարամյակների վաղեմության հայկական պալատական համալիրների ավերակներում, ինչպես նաև միջնադարյան խաչքարների վրա:


Աստված գործածում է որդան կարմիր գունի փոխաբերությունը, որովհետև որդան կարմիրով ներկված բրդյա զգեստը պարզապես անհրնար էր կրկին սպիտակացնել։ Մեր մեղքերը ևս որդան կարմիրի նման կայուն են և թվում է թե անհնար է դրանք մաքրել։ Սակայն երբ ընդունում ենք Աստծո հրավերը և գնում դեպի Նա, Հիսուս Քրիստոսի արյունը մաքրում է մեզ ամբողջապես և անում անհնարինը՝ դարձնելով մեզ ձյան պես ճերմակ։

137 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page