top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Հույսի Աստված



«Հույսի Աստված թող ձեզ լցնի կատարյալ ուրախությամբ ու խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ հույսով առատանաք» (Հռոմեացիս 15:13):


Սբ. Պողոս Առաքյալի այս մաղթանք-աղոթքի կիզակետը հույսն է։ Նա աղոթքով մաղթում է, որպեսզի հույսի Աստված քրիստոնյաներին հույսով առատացնի։ Բայց նա աղոթում է ոչ թե ուղղակիորեն հույսի համար, այլ՝ կատարյալ ուրախության և խաղաղության համար, որից և ծնվում է առատ հույսը։


Կատարյալ ուրախությունն ավելին է, քան երջանկության մասին ունեցած մեր ընդհանուր գաղափարները։ Այն հիմնված է հույսի Աստծո և Նրա անսահման բարության վրա, որի գիտակցությունը ուրախություն է պարգևում հավատացյալի սրտին անգամ կյանքի ամենամռայլ հանգամանքների մեջ։


Կատարյալ խաղաղությունն ավելին է, քան հակամարտությունների բացակայությունը։ Այն Աստծո մեջ հանդարտություն գտնելն է։ Երբ ամբողջապես վստահում և ապավինում ես Փրկչին, ով հագեցնում է արդարության քաղցն ու ծարավն ունեցող հոգիները։


Կատարյալ ուրախությամբ և խաղաղությամբ լցվելու արդյունքում է, որ քրիստոնյան առատանում է հույսով՝ Սուրբ Հոգու զորությամբ։ Հույսն աճում է ուրախության և խաղաղության պարարտ հողի վրա՝ Սուրբ Հոգու խնամքով։ Այն պարզապես ցանկություն, կամ պարզ լավատեսություն չէ։ Այն կատարյալ վստահությունն է, որ Աստված հոգ է տանում իր արարածներին և սիրում է նրանց հայրական գթառատ սիրով։ Հույսը հավատացյալի վստահ ակնկալությունն է, որ Աստծո խոստումներն ու ծրագիրը պիտի իրականանան։


Ուրախություն, Խաղաղություն, հույս, - այս երեքի աղբյուրն էլ միակ ճշմարիտ Աստված է։ Եթե մեր հույսը տկար է, ի խորոց սրտի աղոթքով խնդրենք հույսի Աստծուն, որ պարգևի մեզ կատարյալ ուրախությունն ու խաղաղությունը։ Այնուհետև, կունենանք առատ հույսը մեր կյանքում, որը ոչ միայն լցնում է մեր սրտերը, այլև առատորեն հոսում է մեզնից և ներշնչում ուրիշներին՝ Աստծո Սուրբ Հոգու զորությամբ։

88 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page