top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Հովիվները



Բարի լույս, սիրելինե՛ր։ Շարունակում ենք Սուրբ Ծննդյան ութօրեքի մեր խորհրդածությունների շարքը։ Այսօր վեցերորդ օրն է, իսկ շարականը հետևյալն է.


«Այսօր հովիվները երգակցելով դասակից եղան անմարմին հրեշտակներին» (Օրհ. Սուրբ Ծննդյան ԳՁ):


Սուրբ Ծննդյան զարմանահրաշ խորհուրդներից մեկն այն է, որ Աստվածորդու ծննդյան ավետիսն առաջինը տրվեց հովիվներին, ովքեր անտեսված և արհամարված խավ էին համարվում։ Ամիսներով ապրելով դաշտերում՝ նրանք ի վիճակի չէին պահելու կրոնական բոլոր օրենքներն ու սովորույթները։ Դրա համար էլ շատերն արհամարանքով էին վերաբերվում նրանց՝ իբրև անգրագետ և պարզունակ մարդկանց։ Ահա այս խոնարհ և համեստ մարդկանց հայտնվեց Սուրբ Ծննդյան առաջին ավետիսը։


Այսուհանդերձ, ավանդությունը մի շատ հետաքրքիր մանրամասնություն է հայտնում վերոհիշյալ հովիվների մասին։ Երուսաղեմի Տաճարում առավոտյան և երեկոյան անարատ գառնուկ էր զոհաբերվում Աստծուն։ Այս անարատ ընծաների մատակարարումն ապահովելու համար Տաճարի պատասխանատուները Բեթղեհեմում ունեին սեփական հոտերը։ Շատ հավանական է, որ հենց այս հովիվներն էլ արածացնում էին Տաճարին ընծայվող այդ գառների հոտը։ Հովիվները, ովքեր հովվում էին Տաճարի գառնուկներին, առաջինն էին, որ տեսան «Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1.29)։


Նրանք ոչ միայն տեսան, այլև ինչպես Ավետարանիչն ու շարականագիրն են ասում, «երգակցելով դասակից եղան անմարմին հրեշտակներին»։ Ի դեպ, ժամանակների սովորությունն էր, որ երբ տղա երեխա էր ծնվում, երաժիշտները խմբվում էին տանը՝ մանկան ծնունդը երաժշտությամբ ողջունելու համար։ Հիսուս ծնվեց Բեթղեհեմում՝ քարայրի մեջ և բնականաբար երաժիշտներ չկային։ Սակայն Աստված նախասահմանեց, որ հրեշտակները և հովիվները երգակցությամբ ողջունեն իր Միածին Որդու ծնունդը՝ ասելով. «Փա՜ռք Քեզ, Ամենամեծ Աստված բարձրունքներում, որ եկար և փրկեցիր տիեզերքը Քո հայտնությամբ»։ (Տեր յերկնից Սուրբ Ծննդեան, ԳՁ):


«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։

26 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page