• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Հոգևոր պարգևները



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 36-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը կորնթացիներին ուղղված Ս. Պողոս Առաքյալի առաջին նամակից է (12.1-7):


«Ինչ վերաբերում է հոգևոր պարգևներին, եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ մնաք։ Գիտեք անշուշտ, որ մինչ հեթանոս էիք, ինչպե՛ս էիք գնում-գալիս անշունչ կուռքերի մոտ։ Ուստի հայտնում եմ, որ ոչ ոք, ով Աստծու Հոգով է խոսում, չի կարող ասել. «Նզովյալ լինի Հիսուսը»։ Նմանապես, ոչ ոք չի կարող ասել. «Հիսուսը Տեր է», եթե ո՛չ Սուրբ Հոգով։ Թեև շնորհները զանազան են, բայց պարգևողը նույն Հոգին է։ Թեև ծառայությունները զանազան են, բայց բաշխողը նույն Տերն է։ Թեև գործերը զանազան են, բայց նույն Աստված է հաջողում այդ ամենն ամենքի մեջ։ Բայց յուրաքանչյուր մեկին է տրված Հոգու հայտնությունը՝ բոլորի օգուտի համար»։


Աստծո ստեղծագործությունը զանազան է ամենատարբեր ձևերով։ Այսօր աշխարհի վրա ապրող շուրջ 7 միլիարդ մարդիկ տարբերվում են իրենց անհատականությամբ, իմացությամբ, կարողություններով, հետաքրքրություններով, նպատակներով, ձգտումներով և այլն։ Այսօրվա ընթերցվածի մեջ Ս. Պողոս Առաքյալն ասում է, որ Աստված յուրաքանչյուրիս կոչել է նաև առանձնահատուկ առաքելության այս կյանքում և օժտել յուրահատուկ հոգևոր պարգևներով՝ շնորհներով։


Ամեն մեկս ունենք որևէ շնորհ, որը պետք է բացահայտենք և ծառայեցնենք համընդհանուր բարիքի համար։ Իսկ մենք, հաճախ, կենտրոնանում ենք այն շնորհների վրա, որ չունենք և արդյունքում հուսալքվում ենք։ Մեզ համեմատում ենք ուրիշների հետ և թևաթափ ենք լինում. «Տե՛ս, թե նա ինչ շնորհալի է։ Իսկ ես չունեմ այդ շնորհը։ Ես անտաղանդ եմ»:


Պետք չէ մեզ համեմատել ուրիշների հետ։ Մեզնից յուրաքանչյուրն անկրկնելի է։ Մեր դեմքը, աչքը, ձայնը, մատնահետքը և անգամ սրտի զարկոցը ոչ ոք չունի, երբևէ չի ունեցել և չի ունենա։ Յուրաքանչյուր մարդ այս աշխարհում բացառիկ է և կոչված է առանձնահատուկ առաքելության։ Իսկ Աստված, երբ կոչում է որևէ ծառայության, զորացնում և պարգևում է անհրաժեշտ ամենատարբեր միջոցները հաջողելու այն. «Թեև շնորհները զանազան են, բայց պարգևողը նույն Հոգին է։ Թեև ծառայությունները զանազան են, բայց բաշխողը նույն Տերն է։ Թեև գործերը զանազան են, բայց նույն Աստված է հաջողում այդ ամենն ամենքի մեջ» (Ա. Կորնթացիներին12.4-6)։

Ուրեմն, երախտագետ սրտով գոհություն հայտնենք մեր ամենախնամ Տիրոջը, որ առատապես և ձրիաբար պարգևել է Իր Սուրբ Հոգու շնորհները մեզ՝ մեղավորներիս։ Ի խորոց սրտի աղոթքով խնդրենք Նրան, որ բացի մեր հոգու աչքերը՝ տեսնելու այն բացառիկ առաքելությունը, որին Նա կոչել է մեզ այս կյանքում, բացահայտելու այն շնորհը, որ Նա պարգևել է մեզ իր Սուրբ Հոգով և ծառայեցնելու այն Աստծո փառքի և բոլորի օգուտի համար։

16 views0 comments

Recent Posts

See All
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.