• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Հոգևոր ճամփորդություն



Աստվածաշնչի հիմնական թեմաներից մեկը՝ ճամփորդություն է։ Սուրբ Գրքում դժվար է գտնել մեկին, ով լուրջ երկխոսության մեջ է Աստծո հետ և շարժման մեջ չէ։ Թվում է, թե ոչ ոք Աստծուն չի գտնում տեղում նստած։ Հավանաբար պատճառն այն է, որ հավատքը միշտ բացահայտվում է ճանապարհին։


Նոր Կտակարանի Գործք Առաքելոց գիրքը վկայում է, որ Եկեղեցու նախնական անունը «Ճանապարհ» էր, իսկ առաջին քրիստոնյաները կոչվում էին «Ճանապարհի հետևորդներ» (Գործք 9:2)։ Ավետարանը ճանապարհի պատմություն է։ Հիսուս ինքը ծնվեց ճանապարհին։ Հիսուսի աշակերտներն իրենց ողջ կյանքն անցկացրին ճանապարհներին, նախ հետևելով Հիսուսին, ապա՝ տարածելով փրկության Ավետարանը։


Լինել քրիստոնյա նշանակում է հետևել Հիսուսին, լինել Նրա հետ ողջ ճանապարհի ընթացքում։ Հիսուս Քրիստոս ասում է. «եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթեոս 16:24)


Արդարև, Քրիստոնեական կյանքը ճամփորդություն, իսկ ավելի ստույգ, ուխտագնացություն է դեպի Երկնային Երուսաղեմ։ Այն շարժման փոխաբերությունն է, ունի սկիզբ և ավարտ։ «Չգիտես, վաղն ինչ կլինի քեզ հետ» (Առակաց 27:1), բայց կարող ենք վստահ լինել, որ ոչինչ չի պատահում առանց մեր երկնավոր Հոր կամքի և գիտության։


Այդ ուխտագնացության ժամանակ, ամեն քայլափոխի կարող ենք տեսնել Աստծո հայրական նախախնամության, հոգատար միջամտության և փրկագործության շողերը, որոնք լուսավորում են մեր կյանքի ողջ ընթացքը։ Իսկ այն սրբավայրերը, որ այցելում ենք որպես ուխտավորներ, երկրից դեպի Աստված հոգևոր ճամփորդության հանգրվաններն են:


Ուրեմն, ապրենք որպես ուխտավորներ, հետևենք մեր Տիրոջը՝ Բարի Հովվին, ուր էլ որ Նա մեզ առաջնորդի։ Թեկուզ գնանք մահվան ստվերների միջով, չարից չվախենանք, քանզի Տերը մեզ հետ է։ Նա իր անվան համար մեզ պիտի առաջնորդի արդարության ճանապարհներով։ Մեզ պիտի բնակեցնի գեղատեսիլ վայրում և հանգստավետ ջրերի մոտ մեզ սնուցի (հմմտ. Սաղմոս 22)։

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.