top of page
Search

Հոգու աչքերը

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Jul 21, 2020
  • 1 min read


Անցյալ օրը զարմիկիս խրատում էի, որ չի կարելի երկար նայել հեռախոսի էկրանին, և որ պետք է տաս րոպեն մեկ աչքերը վեր բարձրացնել և հեռուն նայել։ Այդ պահին անդրադարձա, որ հոգևոր կյանքի մեջ ևս գործում է նույն սկզբունքը։


Բայց նախ՝ աչքի մասին։ Մարդու աչքի հետաքրքրական հատկություններից մեկն այն է, որ մոտ առարկաները տեսնելիս կամ կարդալիս աչքի մկանները լարվում են։ Այդ ժամանակ ակնագնդի մկանները ձգվում են և ակնաբյուրեղի կորությունը մեծանում է, որպեսզի աչք ընկնող ճառագայթների կիզակետը համընկնի ցանցաթաղանթի հետ։ Ակնաբույժներն ասում են, որ երկար ընթերցանությունից հետո աչքերը ճիշտ կերպով հանգստացնելու համար, հարկավոր է պատուհանից հեռուն նայել և մի քանի րոպե կենտրոնանալ հեռվում գտնվող ինչ որ մի առարկայի վրա։ Այդ կերպ աչքի մկանները թուլանում են և վերականգնվում։


Նույնը գործում է նաև հոգևոր կյանքի մեջ։ Մեր սրտի և հոգու աչքերը հոգնում են փորձությունների, դժվարությունների և խնդիրների վրա երկար կենտրոնանալուց։ Եթե պարզապես դադար առնենք և մեր հայացքը ուղղենք դեպի հեռուն՝ դեպի հավիտենական կյանքի իրականությունը, եթե մեր տեսողության կիզակետը դարձնենք Աստծո ողորմության ու անսահման սիրո կենարար ճառագայթներին, ապա մեր սիրտը և հոգին կվերականգնվեն և մեր հոգևոր տեսողությունը կամրապնդվի։


«Աչքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գա։ Ինձ օգնություն պիտի գա Տիրոջից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը»։ (Սաղմոս 120:2)

 
 
 

Коментарі


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page