top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Հին և Նոր Տապանակների Տոնը



Այսօր Հայոց Եկեղեցին հիշատակում է Հին Ուխտի Տապանակի և Նոր տապանակի՝ Սուրբ Եկեղեցու տոնը։


Հին Կտակարանի Ելից Գրքում Աստված պատվիրում է Մովսես Մարգարեին պատրաստել Ուխտի տապանակը և հանգամանալից նկարագրում է այն պատրաստելու եղանակը (Ելից 25:10-22)։ Տապանակը փայտյա մի արկղ էր, որը ներսից և դրսից պատված էր ոսկով։ Կափարիչը, որը կոչվում էր «Քավություն», պատրաստված էր մաքուր ոսկուց և դրա երկու ծայրերին դրված էին քանդակված ոսկյա երկու քերովբեներ։ Այն ուներ ոսկեզօծ փայտյա բռնակները, որպեսզի դրանցով բարձրացնեին տապանակը։


Հին Ուխտի տապանակը կոչվում էր «Վկայության տապանակ», որովհետև վկայում էր Աստծո ներկայությունը. «Ես քեզ կհայտնվեմ այնտեղ և վկայության տապանակի կափարիչի վրա գտնվող երկու քերովբեների արանքից քեզ հետ կխոսեմ»։ (Ելք 25:22)


Տապանակի մեջ պահվում էին տասը պատվիրանների քարե տախտակները (Բ Օրենք 10:2), ինչպես նաև երկնային մանանայով լի անոթը և Ահարոնի ծաղկյալ գավազանը (Եբրայեցիներին 9:4):


Մեր եկեղեցու Սուրբ Հայրերը Մովսեսի կառուցած Սրբարանի և Հին Տապանակի մեջ տեսել են Եկեղեցու և Սուրբ Սեղանի նախատիպը և այդ պատճառով տոնացույցի մեջ Տապանակի և Եկեղեցու տոները սահմանել են կողք կողքի։ Արդարև, Նոր Ուխտի մեջ Աստծո ներկայության տապանակը Քրիստոսահիմն Սուրբ Եկեղեցին է, որի Սուրբ Սեղանին են դրված Աստծո նոր օրենքը՝ Ավետարանը, նոր մանանան՝ Սուրբ Հաղորդությունը և նոր գավազանը՝ ծաղկյալ Սուրբ Խաչը։ Սուրբ Եկեղեցին Աստծո «վկայության տապանակն է», որով Նա խոսում է մեզ հետ։


Հավիտենական Աստված, ով չի սահմանափակվում ժամանակի մեջ, անսահման Աստված, ով չի սահմանափակվում տարածության մեջ, անդրանցական Աստված, ով բնակվում է ժամանակից և տարածությունից վեր և անդին և ամենաբավ Աստված, ով լեցնում է ժամանակը և տարածությունը,- խոնարհվում ու հայտնվում է մարդկանց կողմից պատրաստված վայրում։


Ահա՛ և, սիրելիներ, մարդկանց նկատմամբ Աստծո անսահման սիրո դրսևորումը։ Ահա՛, Սուրբ Եկեղեցու խորին խորհուրդն ու մեծագույն հրաշքը։


Եթե Հին Կտակարանում մեջ Աստված խոնարհվեց, որպեսզի անապատում դեգերող իր ժողովրդին զորացնի իր ներկայությամբ և առաջնորդի խոստացյալ երկիրը, ապա Նոր Կտակարանում Նա խոնարհվեց մեղքի և մահվան հովիտներում դեգերողներիս համար իր միածին Որդու Հիսուս Քրիստոսի անձի մեջ. «մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ մահվան՝ խաչի վրա» (Փլպ 2:7-8), որպեսզի զորացնի մեզ և առաջնորդի դեպի Երկնքի Արքայություն։


Ուրեմն, սիրելինե՛ր, ապրենք և հարատևենք Աստծո ներկայության մեջ, Նրա վկայության Խորանում, զորանանք Նրա Սուրբ Հոգու շնորհներով և Նրա միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հաղորդությամբ, որպեսզի մեր կյանքի օրերի ավարտին արժանանանք Աստծո հավիտենական ներկայությանը Երկնքի Արքայության մեջ և փառաբանենք Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն։

29 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
bottom of page