top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Հիմար վեճերը հեռու վանիր



Այս օրերին համացանցը հեղեղված է հայհոյախառն արտահայտություններով, ատելության խոսքով և ստահոդ լուրերով։ Անօգուտ և անիմաստ բանավեճերի մեջ մտնելը դարձել է շատ դյուրին։ Բավական է ընթերցել առցանց մի հրապարակում և անմիջապես ցանկություն է առաջանում հակադարձելու, հանդիմանելու։


Աստվածաշունչը հորդորում է հեռու մնալ նման դատարկ և անիմաստ վիճաբանություններից. «Հիմար վեճերը, տոհմաբանությունները, հակաճառությունները և օրենքի շուրջ ծագած կռիվները հեռո՛ւ վանիր, որովհետև դրանք անօգուտ ու սնոտի են» (Տիտոս 3:9)։


Շատերն էլ պարզապես սպասում են, որ մի բան գրես, որպեսզի անմիջապես հարձակվեն վրադ ու փորձեն ներքաշել վիճաբանության մեջ։ Այդպիսինները պարզապես փնտրում են մեկին, որի հետ կարող են վիճել։ Նրանք շատ հաճախ կանխակալ տրամադրվածություն ունեն, այսինքն՝ ինչ էլ որ ասես, ոչ մի նշանակություն չի ունենալու։ Նման մարդկանց մասին, ովքեր կռիվ են ման գալիս, Աստվածաշունչն ասում է. «Ածխափայտից շիկանում է վառարանը, փայտը բորբոքում է կրակը, բանսարկուն էլ կռիվ է հրահրում» (Առակաց 26:21)։


Սովորաբար մարդկային հպարտությունն է, որ պատճառ է դառնում դատարկ վիճաբանությունների (Առակաց 13:10)։ Վիճաբանությունները ամբարտավանության, հպարտության և «Ես»-ի տաղտկալի ոչնչաբանության արգասիք են։ Վեճը ծնվում է այն ժամանակ, երբ իմ հպարտությունը հանդիպում է քո հպարտությանը։


Սիրելիներ, կրակի վրա բենզին մի լցրեք. «Անզգամներին մի՛ պատասխանեք ըստ նրաց անզգամության, որ նրանց նմանվող չլինեք» (հմմտ. Առակաց 26:4)։ Մի՛ ընկեք նրանց պատրաստած ծուղակը, մի նմանվե՛ք նրանց՝ հակադարձելով նույն հայհոյախառն ոճով ու ատելությամբ։


Մաղթանքս է, որ համացանցում և իրական կյանքում տիրող կանխակալ ատելությունը երբեք որևէ ազդեցություն չունենա ձեր երջանկության և ներքին խաղաղության վրա։ Մտապահե՛ք մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Բայց ասում եմ ձեզ, որ մարդիկ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են, հաշիվ են տալու դատաստանի օրը» (Մատթեոս 12:36)։ Արդարև, մի օր բոլորս էլ պատասխան ենք տալու ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ կյանքում ասված մեր յուրաքանչյուր դատարկ խոսքի համար։ Հուսով եմ, սա մտածել կտա մարդկանց, նախքան որևէ բան համացանցում հրապարակելը։

85 views0 comments

Recent Posts

See All

Comentarios


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page