• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Հետ դառնալ և ապրել



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի երկրորդ օրն է և օրվա ընթերցվածը Եզեկիելի Մարգարեության գրքից է.


«Արդարի արդարությունն իր վրա է լինելու, անօրենի անօրենությունը՝ իր։ Անօրենը եթե իր գործած բոլոր անօրենություններից հետ դառնա և իմ բոլոր պատվիրանները պահի, արդարություն ու ողորմություն անի, հաստատապես կապրի ու չի մեռնի։ Նրա բոլոր մեղքերը, որ գործած կլինի, և բոլոր անիրավությունները, որ կատարած կլինի, չեն հիշվելու, այլ իր արդարության համար, որ արած կլինի, ապրելու է։ Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում,- ասում է Տերը՝ Աստված,- և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի» (Եզեկիել18.20-23):


Մեծ Պահքի այս հոգենորոգ շրջանին Աստվածաշունչ Սուրբ Գիրքը հիշեցնում է մեզ Աստծո հայրական փափագի մասին։ Աստված ցանկանալով ցանկանում է, որ ետ դառնանք մեղքերից և հավիտյան ապրենք Նրա ներկայության մեջ։ Ինչպես յուրաքանչյուր ծնող, այնպես էլ մեր երկնավոր Հայրը միշտ լավագույնն է ցանկանում իր զավակների համար։ Այսու, Սուրբ Գրքի այս հատվածում Աստված երկու կարևորագույն բաներ է խոստանում բոլոր նրանց, ովքեր կապաշխարեն և կհրաժարվեն մեղքերից։


Առաջին խոստումն այն է, որ եթե հետ կանգնենք մեղքից, պահենք Աստծո պատվիրանները, արդարություն և ողորմություն անենք, ապա հավիտենական կյանք պիտի ունենանք։ Արդարև, մեր մեղքերն են, որ մեզ հեռացնում են Աստծուց՝ կյանքի անսպառ աղբյուրից։ Եվ միայն Աստծո ամենագութ սիրո շնորհիվ և Նրա ներկայության մեջ կարող ենք ներում գտնել և հավիտյան կյանք ունենալ։


Երկրորդ խոստումն այն է, որ եթե ապաշխարենք, ապա Աստված չի հիշելու մեր մեղքերը և կատարած բոլոր անիրավությունները։ Մենք սիրում ենք հաճախ հիշեցնել մեր հանդեպ սխալ գործած մարդկանց իրենց արարքների մասին, եթե անգամ ասում ենք, թե ներել ենք։ Սակայն Աստված մարդկանց պես չէ։ Նա երբ ներում է, ամբողջապես սրբում է մեր մեղավոր անցյալը և մեզ նոր ապագա է պարգևում՝ պայմանով, որ այլևս չմեղանչենք։ Նա այս անում է, քանզի չի ցանկանում իր մեղավոր զավականերից և ոչ մեկի մահը, այլ որ նրանք հետ դառնան իրենց չար ճանապարհներից և ապրեն։


Այս երկու խոստումները հոգևոր կյանքի հիմնաքարերից են և ոչինչ կարող է արգելք հանդիսանալ դրանց, բացի մեր մեղքերից։ Աստված սիրում է մեզ այն աստիճան, որ մինչև իսկ իր Միածին Որդուն ուղարկեց աշխարհ, որպեսզի Նրանով փրկվենք։ Այդ անսահման սիրուն մեր պատասխանը թող լինի մեղքերից հետ դառնալը և Աստծուն մեր ամբողջ սրտով, մտքով և հոգով սիրելը, այսօր և հավիտյան։

5 views0 comments

Recent Posts

See All
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.