Հետևում եմ լուրերին, լսում եմ և աղոթում...
Աղոթում եմ մեր քաջարի զինվորների համար, ովքեր սահմանագծում են՝ Հայրենիքի պաշտպանության համար։ Աղոթում եմ նաև նրանց մայրերի և հայրերի համար, ովքեր սրտի անհուն թրթիռով սպասում են իրենց զավակների հաղթական վերադարձին։
Հետևում եմ լուրերին, լսում եմ և աղոթում...
Աղոթում եմ այն քաջարի զինվորների համար, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին, որպեսզի մենք կարողանանք ապրել ազատության մեջ։ Աստված թող երկնային լույսերի մեջ բնակեցնի նրանց հոգիները և Իր Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի որդեկորույս բոլոր ծնողներին։
Որքա՜ն կյանքեր են դրված նժարին, որպեսզի մեր հայրենիքը խաղաղ ապրի, որքա՜ն ընտանիքների սերն ու հիշատակները՝ որպեսզի մենք ազատ ապրենք։ Արդարև, ազատությունը երբեք ձրի չի տրվում և այն չի ապրվում առանց պայքարի։
Այս պահին մեր քաջարի զինվորները սահմանագծում են՝ պատրաստ զոհելու իրենց կյանքը Հայրենիքի ազատության համար։ Իսկ մե՞նք։ Մենք էլ նրանց թիկունքն ամուր պահենք մեր ազգային միաբանությամբ, զորակցենք ու աջակցենք նրանց ամեն մեկս մեր տեղում, մեր դիրքում և մեր միջոցներով։ Եվ միասնաբար կանգնենք աղոթքի սահմանագծում՝ մեր քաջարի զինվորների համար ի խորոց սրտից ասելով.
«Պահպանիչ և հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր, պահի՛ր ու պահպանի՛ր հայրենի սահմանները պահող մեր զինվորներին ու զորավարներին Քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո խաղաղության մեջ, փրկի՛ր տեսանելի և անտեսանելի բոլոր վտանգներից։ Մարտի դաշտում նրանց հետ եղիր, զորացրու Քո հոգևոր սպառազինությամբ և ապահով տուն վերադարձրու՝ իրենց ծնողներին ու ընտանիքներին։ Շնորհի՛ր, որ ազատության համար մղած մեր նվիրական պայքարը Քո ամենաբավական օրհնությամբ և ամենազոր առաջնորդությամբ հաղթանակով պսակվի և հայրենիքը մեր հարատևի խաղաղության ու ազատության մեջ՝ անդադար գոհությամբ փառավորելով Քեզ, Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն»։
Commenti