Ներկայում ակնհայտ է, որ ապրում ենք անորոշ մի աշխարհում: Համավարակի, պատերազմի և տնտեսական տագնապի վախը ներխուժել է մեր առօրյայի մեջ և մենք անորոշության մեջ ենք աշխատելիս, գնումներ կատարելիս, որևէ բան ձեռնարկելիս…
Հակառակ անորոշ աշխարհում ապրելու իրականությանը, մենք՝ քրիստոնյաներս, ունենք Աստվածաշունչը և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Սրբազան ավանդությունը, որը լի է բացարձակ վստահություններով: Քրիստոնյաներս ունենք վստահությունների մի ամբողջություն այս անվստահ աշխարհի մեջ, որոնցից ամենաէականը հավիտենական կյանքի գիտակցությունն է:
Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Լա՛վ իմացեք, ով որ լսում է իմ խոսքը և հավատում է Նրան, Ով ինձ ուղարկեց, հավիտենական կյանք ունի և չի դատապարտվում, այլ մահից անցել է դեպի կյանք» (Հովհաննես 5.24)։
Հավիտենական կյանքի գիտակցումը մի ճանապարհորդություն է, որ սկսվում է հավատքից և գնում դեպի հավատքի կատարյալ վստահությունը: Իրապես մի բան է հավատքով հավիտենական կյանք ունենալը և մեկ այլ բան վստահ գիտենալը, իմանալը, որ մենք հավիտենական կյանք ունենք:
1982 թ.-ի նոյեմբեր 15-ին Վիկտորյա Պետրովնան անշարժ կանգնած էր Բրեժնևի դագաղի առջև։ Երբ զինվորները մոտեցան, որպեսզի ծածկեն դագաղի կափարիչը՝ դամբարան տեղափոխելու համար, Բրեժնևի կինը հանկարծակի կռացավ և վերջին պահին խաչակնքեց ամուսնու կուրծքը։ Կրեմլի պալատում՝ աթեիստ և անաստված իշխանության միջնաբերդում, ԽՄԿԿ առաջին քարտուղարի կինը հույս ուներ, որ իր ամուսինը սխալվել է։ Նա հավատում էր, որ գոյություն ունի հանդերձյալ կյանք և որ այդ կյանքի պարգևատուն՝ խաչյալ Հիսուս Քրիստոս, ողորմած կլինի իր ամուսնու հանդեպ։
Հավիտենական կյանքի վստահությունը մարդուն տալիս է Աստծո խաղաղությունը, որը վեր է մարդկային իմացության սահմաններից: Եթե գիտակցում ես, որ հավիտենական կյանք ունես, ապա պատրաստ ես կյանքի ամեն մի դառն հարվածի կամ փորձության, պատրաստ ես ապրելու և մեռնելու: Հավիտենական կյանքի վստահությունը տալիս է անսահման համբերություն: Դու քեզ զգում ես այն ապահով և թանկագին ձեռքերի մեջ, որոնք քե՛զ համար խաչվեցին:
Comments