top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Հավատ և Հույս



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 16-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Եբրայեցիներին ուղղված Ս. Պողոս Առաքյալի նամակից է (11.1-31):


Այստեղ Ս. Պողոս առաքյալը խոսում է հավատի մասին և առաջին իսկ համարի մեջ տալիս է հավատի սահմանումը. «Ի՞նչ է հավատը, եթե ոչ՝ հուսացյալ բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում» (Եբրայեցիներին 11.1)։


Արդարև, հավատը մեկի կամ մի բանի հանդեպ կատարյալ վստահությունն է։ Հավատը մտավոր վավերացումն է որոշակի իրականությունների և վստահությունը դրանց նկատմամբ։ Օրինակ, մենք հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսին, մտքով վավերացնում ենք, որ Նա է Աստծո Միածին Որդին և մեր Փրկիչը։ Սա նշանակում է, որ մենք ամբողջովին վստահում ենք Նրան և մեր կյանքը հանձնում ենք Նրա ձեռքերի մեջ՝ հավիտենական կյանքի հույսով։ Հավատքը որպես իրականություն է ընդունում հուսացված բաները՝ նախքան դրանց իրականություն դառնալը։ Եթե կարողանայինք տեսնել հուսացված բաները, ապա բնավ հավատի կարիք չէր էլ լինի։


Այսու, քրիստոնեական մեր հույսը հիմնված է հավատի վրա։ Հույսը վստահ սպասումն է, որ բխում է հավատից: Այն հավաստիացումն է մեր սպասումների, որոնք իրականություն պիտի դառնան: Այս առումով հույսը վերաբերում է այն իրականություններին, որոնք դեռևս տեսանելի չեն։ Ինչպես Ս. Պողոս առաքյալն է ասում. «տեսանելի հույսը հույս չէ, որովհետև մեկն էլ ինչո՞ւ հուսա այն, ինչ տեսնում է, իսկ եթե հույս ունենք մի բանի, որ չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք» (Հռոմեացիներին 8.24-25):


Հավատը և հույսը, լինելով տարբեր առաքինություններ, փխկապակցված են և լրացնում են միմյանց։ Հավատի և հույսի փոխհարաբերությունը լավագույնս կարող ենք տեսնել երեխայի ուրախության մեջ, երբ ծնողները որևէ լավ բան են խոստանում։ Օրինակ, երբ հայրն ասում է, որ շուտով կենդանաբանական այգի պիտի գնան, երեխան վստահում է ծնողներին։ Սա հավատն է՝ վստահությունը հոր խոսքին: Այդ հավատը միևնույն ժամանակ երեխայի մեջ առաջացնում է սպասման ուրախություն, որը և հույսն է:


Հույսը դեպի ապագան նայող հավատն է, իսկ հավատը՝ Աստծո Խոսքի վրա հիմնված հույսը։ Քրիստոնյաներս հավատքի և հույսի մարդիկ ենք: Մենք ապրում ենք «հավիտենական կյանքի հույսով, այն կյանքը, որ խոստացավ անսուտն Աստված հավիտենական ժամանակներից առաջ» (հմմտ. Տիտոս 1.2):


Այս կյանքի դժվարությունների ու նեղությունների մեջ Աստված թող առավել զորացնի մեր հավատը և հույսը, որպեսզի կարողանաք աստվածահաճո կյանքով ապրել։ Թող որ մեր հավատարիմ Աստծո խոստումների վրա հիմնված աներկբա հավատով՝ մեր հայացքները լիառատ հույսով ուղղենք դեպի այն երանական խոստումը, որ մի օր Աստված այս աշխարհից պիտի վերացնի ամեն ցավ ու տառապանք, սուգ ու վիշտ, և որ Նրա երանական ուրախության մեջ պիտի լինենք հավիտյան։

191 views0 comments

Recent Posts

See All

Comentarios


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page