• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Հավատարմություն


Հավատարմությունը Աստծո օրհնությունները ստանալու նախապայմանն է։

Մեր կյանքի մեջ մի քանի ոլորտներ կան, որոնց մեջ շատ հաճախ մարդիկ անհավատարիմ են լինում և զրկվում են աստվածային առատ օրհնություններից։ Հավատարիմ եղեք այս ամենի մեջ և Աստծո օրհնություններն առատապես կհեղվեն ձեր և ձեր ընտանյաց անդամների վրա։

Ա. Հավատարի՛մ եղեք ձեր Աստծուն

Աստծո միածին Որդու, Հիսուս Քրիստոսի հետ հաղորդության և հավատարմության միջոցով պիտի ստանանք խնդրանքները մեր աղոթքների. «Եթե իմ մեջ մնաք, և իմ խոսքերն էլ մնան ձեր մեջ, ինչ որ ուզենաք, խնդրեցե՛ք Աստծուց, և ձեզ կը տրվի»։ (Հովհաննես 15:7)

Աստծուն հավատարիմ լինելու համար պետք է Իր Խօսք կարդանք, սերտենք և այն մեր սրտերի մեջ պահենք. «Իմ ամբողջ սրտով քեզ փնտրեցի, մի՛ զրկիր ինձ քո պատվիրաններից։ Քո խոսքերը սրտումս թաքցրի, որ չմեղանչեմ քո դեմ»։ (Սաղմոս 118:10,11)

Բ. Հավատարի՛մ եղեք ձեր ընտանիքին

Ընտանիքի մեջ հավատարմությունը դրսևորվում է հնազանդության և անձնազոհ սիրո միջոցով. «Հնազանդվեցե՛ք միմյանց Քրիստոսի երկյուղով …. Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպէս և կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում։ Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար, (Եփեսացիս 5:21-25)

Զավակները ևս կոչված են հնազանդության իրենց ծնողներին և հավատարմության՝ իրենց ընտանեկան արժեքներին. «Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին ի Տեր, որովհետև դա է ճիշտը։ Պատվի՛ր քո հորն ու մորը, - որ առաջին պատվիրանն է՝ տրված խոստումով, -որպեսզի լավ լինի քեզ համար, և երկար կյանք ունենաս երկրի վրա»։ (Եփեսացիս 6:1-4)

Գ. Հավատարի՛մ եղեք ձեր Եկեղեցուն

Եկեղեցին յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր ընտանիքն է։ Աստված կամենում է, որ այդ ընտանեկան միությանը ևս հավատարիմ լինենք՝ միասիրտ և միախորհուրդ. «Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նույն խոսքը ունենաք. և ձեր մեջ բաժանումներ չլինեն. քանզի հաստատ էիք նույն մտքի և նույն մտածման մեջ»։ (Ա.Կորնթացիս 1:10)

Դ. Հավատարի՛մ եղեք ձեր Հայրենիքին

Աստված կամենում է, որպեսզի հավատարմություն դրսևորենք նաև մեր Հայրենիքի և պետականության հանդեպ, որովհետև «դուք ընտիր ցեղ էք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի ձեր առաքինությունները նվիրեք նրան, ով խավարից ձեզ կանչեց իր սքանչելի լույսին»։ (Ա.Պետրոս 2:10)

Աստված կոչ է անում մեզ նաև աղոթելու մեր իշխանավորների համար. «Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել, գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և բոլոր իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ և հանդարտությամբ վարենք մեր կյանքը, կատարեալ աստվածապաշտությամբ և սրբությամբ. (Ա.Տիմոթեոս 2:1,2)

Սիրելիներ, Աստված մեզ կոչում է հավատարմության։ Հավատարիմ եղեք Աստծո հանդեպ, ձեր ընտանիքի, ձեր հոգևոր ընտանիքի՝ Եկեղեցու և ձեր Հայրենիքի հանդեպ և Աստծո օրհնությունները թող առատապես հեղվեն ձեր կյանքից ներս, ձեր ընտանյաց անդամների, մեր ողջ ժողովրդի ու հայրենիքի վրա։

«Որպեսզի նմանվելով հավատարիմ ծառային՝ մտնենք Տիրոջ ուրախության մեջ և ընդունել երանությունները Քրիստոսի մեջ, Ով հավատացյալների կյանքն է»։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Յաճախապատում Ճառք, Ժ 98

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.