Սիրելիներ, այսօր Մեծ Պահքի հինգերորդ՝ «Դատավորի Կիրակին» է։ Այս անունը վերցված է «Անիրավ Դատավորի» առակից, որը պատմում է մեր Տեր Հիսուս Քրիստոս Ղուկասի Ավետարանում (Ղուկաս 18:1-8)։
Առակի հենց սկզբում Ղուկաս Ավետարանիչը բացահայտում է առակի իմաստը. «պետք է միշտ աղոթել առանց վհատվելու»: Այն հանգամանքը, որ Տեր Հիսուս պատմում է այս առակը և Ղուկաս Ավետարանիչն այն արձանագրում է մեզ համար, նշանակում է, որ աղոթքի հետ կապված խնդիր գոյություն ունի։ Տեր Հիսուսը հորդորում է իր աշակերտներին հարատևվել աղոթքի մեջ և չվհատվել, քանի որ հարատև և համառ աղոթքը դյուրին գործ չէ:
Դյուրին է սկսել աղոթել, բայց դժվարությունն առաջանում է այն ժամանակ, երբ մեզ թվում է, թե մեր աղոթքները անպատասխան են մնում: Երբ աղոթում ենք հիվանդի բժշկության համար և որևէ դրական տեղաշարժ չենք նկատում, համառություն է անհրաժեշտ: Երբ խնդրում ենք Աստծուն, որ փորձությունների մեջ չհայտնվենք, իսկ փորձությունները շարունակ պաշարում են մեզ, համառություն է անհրաժեշտ: Երբ աղոթում ենք մեր սիրելիների պահպանության համար, իսկ նրանք հայտնվում են փորձանքների մեջ, կարծես ջուր է հեղվում աղոթքի բոցերի վրա:
Արդարև, դժվար է աղոթել, երբ անընդհատ արդարություն ես հայցում, իսկ անարդարությունը շարունակում է հաղթանակել: Առակի պատգամը պարզ է. «Մի՛ վհատվեք և մի՛ հուսալքվեք»: Այրի կինը, ի վերջո, ստանում է իր խնդրանքի պատասխանը՝ համառության շնորհիվ։
Դատավորի կերպարը, անշուշտ, ոչ մի առնչություն չունի Աստծո հետ, սակայն Տեր Հիսուս այստեղ նվազականից դեպի առավելական բաղդատություն է կատարում. «Եթե անարդար դատավորը կատարում է այրի կնոջ խնդրանքը, որին չի ճանաչում և որի մասին բնավ հոգ չի տանում, չե՞ք հավատում, որ Աստված, ով ճանաչում է ձեզ անվանապես, սիրում է ձեզ և Իրենն է համարում, պիտի լսի ձեր աղոթքները և ավելիով կատարի ձեր խնդրանքները»։
Ուրեմն, եթե ձեր կյանքում բախվում եք «անիրավ դատավորների», մի՛ վհատվեք, շարունակեք աղոթել: Եթե երկընտրանքի առաջ եք, և ելք չեք տեսնում, մի՛ հուսալքվեք, շարունակ թակեք Աստծո դուռը: Աղոթեք առանց վհատվելու: Աստված ձեզ տվել է խնդրելու պատվիրանը և աստվածային հնարավորությունը, և սիրառատ ծնողի նման, ով ճանաչում ու սիրում է իր զավակներին, մեր երկնավոր Հայրը կպատասխանի մեր աղոթքներին՝ իր Սուրբ Կամքի համաձայն, կատարյալ ժամանակին և մեր գերագույն բարիքի համար:
留言