top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Կոչում



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի ութերորդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Երեմիայի Մարգարեության գրքից է (1.1-10).


«Տերը խոսքն ուղղեց ինձ և ասաց. «Քեզ դեռ որովայնում չստեղծած՝ ընտրեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսներին մարգարե կարգեցի»։ Իսկ ես ասացի. «Տե՛ր, ո՛վ դու Տեր, ահա ես նույնիսկ խոսել չգիտեմ, քանզի մանուկ եմ»։ Տերն ինձ ասաց. «Մի՛ ասա՝ “Մանուկ եմ ես”. ում մոտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մոտ էլ պիտի գնաս, ու այն ամենը, ինչ որ պատվիրեմ քեզ, պիտի խոսես։ Չվախենաս նրանցից,- ասում է Տերը,- քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար» (Երեմիա 1.4-8)։

Երբ առաջին անգամ Աստված խոսում է պատանի Երեմիայի հետ և կոչում է նրան մարգարեական առաքելության, նախապատրաստում է նրան՝ քաջալերելով, որ միշտ նրա հետ պիտի լինի և պիտի փրկի նրան բոլոր վտանգներից ու նեղություններից։


Սքանչելին այն է, սակայն, որ Աստված այդ ընտրությունն ու պատրաստությունը սկսել էր Երեմիայի՝ իր մոր որովայնում ստեղծվելուց առաջ։ Աստված հայտնում է Երեմիային, որ նրան ընտրել էր տակավին իր ծննդից երկար տարիներ առաջ, նախապատրաստել է նրա առաքելությունն այս կյանքում նրա հոր և մոր միջոցով, նրա պապիների ու տատիների միջոցով, նրա նախնիների միջոցով։ Աստված բացահայտում է, որ հատուկ ծրագիր ունի նրա կյանքի հետ կապված, նրան ընտրել ու պատրաստել է դրա համար և նրա հետ պիտի լինի ու զորացնի նրան, որպեսզի կարող լինի իրագործելու այն։


Աստվածաշունչ Սուրբ Գրքում Երեմիային ուղղված այս խոսքը վերաբերում է յուրաքանչյուր մարդ արարածի։ Աստված յուրաքանչյուրիս կյանքի համար հատուկ ծրագիր և մասնավոր նպատակ է սահմանել։ Մեզնից յուրաքանչյուրն անկրկնելի է։ Մեր դեմքը, աչքը, ձայնը, մատնահետքը և անգամ սրտի զարկոցը ոչ ոք չունի, երբևէ չի ունեցել և չի ունենա։ Աստված երբեք չի ստեղծել որևէ մեկին, որ կարող է անել այն, ինչ մենք կարող ենք անել։ Աստված այնպեսի զարմանահրաշ կերպով է ձևավորում մարդկային կյանքը, որ միլիարդավոր մարդկանց մեջ ո՛չ անցյալում, ո՛չ ներկայում և ո՛չ էլ ապագայում չկան կրկնություններ։ Յուրաքանչյուր մարդ այս աշխարհում բացառիկ է և կոչված է առանձնահատուկ առաքելության։

Ուրեմն, գոհություն հայտնենք մեր Երկնավոր Հորը, որ մեզ ստեղծել է սքանչելիորեն յուրատեսակ։ Ի խորոց սրտի աղոթքով խնդրենք Նրան, որ բացի մեր հոգու աչքերը՝ տեսնելու այն բացառիկ առաքելությունը, որին Նա կոչել է մեզ այս կյանքում և զորացնի մեզ՝ իրագործելու այն Իր Սուրբ Կամքի համաձայն։

35 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page