top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Կենդանի ջուրը



Քրիստոսի ծնունդից դարեր առաջ Երուսաղեմում ձևավորված ավանդույթի համաձայն՝ Տաղավարահարաց տոնի վերջին՝ 7-րդ օրը, Քահանայապետը, հավատացյալների մեծաքանակ թափորով, Սիլովամի ավազանից ջուր էր վերցնում և ոսկյա անոթով տանում էր Տաճար։ Երբ թափորը հասնում էր «Աղբյուրի Դարպասին», որը գտնվում էր Տաճարի հարավային մասում, երեք անգամ հնչեցնում էին շեփորները, իսկ ժողովուրդը միաձայն արտասանում էր Եսայու մարգարեության 12:3 համարը. «Ուրախությամբ ջո՛ւր առեք փրկության աղբյուրներից»։ Մուտք գործելով Տաճար՝ Քահանայապետը պտտվում էր խորանի շուրջը՝ ջրի տարան ձեռքին, որի ընթացքում երգչախումբը երգում էր 112-117 սաղմոսները։ Այնուհետև, առավոտյան զոհաբերության ժամին՝ 9:00-ին, նրանք հեղում էին ջուրը՝ որպես Աստծուն արված զոհաբերություն։

Այսու, Տաղավարահարաց տոնի վերջին օրը, երբ Հիսուսը կանգնած էր Երուսաղեմի կենտրոնում, աղաղակում էր և ասում. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։ Ով ինձ հավատում է, ինչպես Գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն» (7:37–38), - Իր այս խոսքը լսողների համար հույժ կարևոր և խորիմաստ նշանակություն ուներ։ Ասելով «Եթե մեկը ծարավ է»՝ Հիսուս նկատի ուներ, որ եթե մեկը ցանկանում է «ուրախությամբ ջո՛ւր առնել փրկության աղբյուրներից», եթե մեկը ծարավ է Աստծո մասին ճշմարտության, եթե մեկը ցանկանում է հաղորդության մեջ լինել Նրա հետ, ապա «թող ինձ մոտ գա և խմի»։

Արդարև, մեր Տեր Հիսուս լրումն է օրենքի և մարգարեությունների, Նա է Քրիստոսը, որ իրեն հավատացողներին տալիս է կենդանի ջուրը՝ Աստծո Սուրբ Հոգու ներկայությունը, փրկության աղբյուրներից։ Իսկ խոստումն այն է, որ երբ ընդունենք կենդանի ջուրը՝ Աստծո Սուրբ Հոգին, մեր սրտերի մեջ, ոչ միայն ինքներս պիտի հագենանք, այլև մեր «ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»՝ ուրիշների պապակ սրտերը հագեցնելու համար։

«Տեր Հիսուս Քրիստոս, մեր ծարավ սրտերը հագեցրո՛ւ Քո կենդանի ջրով և դարձրո՛ւ մեզ խողովակները ու անոթներ Քո կենդանի ջրի, որ փափագում ես տալ ծարավ աշխարհին»։

134 views0 comments

Recent Posts

See All

Trust in God

Commentaires


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page