• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Կատարյալ Խաղաղությունը



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 10-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Միքիայի մարգարեության Գրքից է (4.1-7):


Ընթերցում - «Եվ կլինի, որ վերջին օրերին կհայտնվի Տիրոջ լեռը՝ հաստատված լեռների գագաթների վրա. կբարձրանա բլուրների վրա, և շատ ժողովուրդներ կշտապեն դեպի նա։ Եվ շատ ազգեր կգնան ու կասեն. «Եկե՛ք ելնենք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը. մեզ ցույց կտան նրա ճանապարհները, և կգնանք նրա շավիղներով»։ Քանի որ Սիոնից կելնեն օրենքները, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։ Դատաստան կանի բազում ժողովուրդների մեջ և կհանդիմանի հզոր ազգերին մինչև հեռավորները. իրենց սրերից խոփեր կկոփեն, և իրենց գեղարդներից՝ մանգաղներ, և այլևս ազգն ազգի վրա սուր չի բարձրացնի, և այլևս չեն սովորի պատերազմել։ Յուրաքանչյուրը կհանգստանա իր որթատունկի տակ և իր թզենու ներքո, և չի լինի մեկը, որ զարհուրեցնի, քանի որ Ամենակալ Տիրոջ բերանը խոսեց սա։ Եթե բոլոր ժողովուրդներն ընթանան յուրաքանչյուրն իր ճանապարհներով, մենք, սակայն, կընթանանք Տիրոջ՝ մեր Աստծու անունով հավիտյանս և մշտապես։ Աստված հավաքում է ցրվածներին «Այն օրը,- ասում է Տերը,- կհավաքեմ փշրվածին և կընդունեմ հեռացածին ու նրանց, որոնց մերժեցին. կոտրվածին կդարձնեմ որպես մնացորդ և փշրվածին՝ հզոր ազգ, և Տերը նրանց կթագավորի Սիոն լեռան վրա այսուհետև մինչև հավիտյան» (Միքիա 4.1-7)։

Խորհրդածություն - Մանկությանս տարիներին ամառային արձակուրդներն ընտանիքով անցկացնում էինք Սևքար գյուղում։ Երեկոյան ժամերին, երբ քայլում էինք գյուղի փողոցներում, տեսնում էինք, թե ինչպես մարդիկ իրենց բակի խաղողի վազերի տակ նստած, գինու գավաթը ձեռքներին, վայելում էին ամառվա զով քամին՝ սրտաբաց խոսակցության ջերմության մեջ։


Գրեթե նմանատիպ մի պատկեր ենք տեսնում Միքիայի մարգարեության այս հատվածի մեջ, որը Աստծո արքայության մեջ երանական կյանքի ակնարկ է։ Այն երանական ուրախության և խաղաղության, որ պիտի հաստատի մեր Տեր Հիսուս Քրիստոս իր երկրորդ գալուստից հետո։

Ոմանք կարծում են, որ հանդուրժողականության միջոցով, ուրիշներ էլ՝ զենքի բռնի ուժով կարող են խաղաղություն հաստատել այս աշխարհում։ Սակայն մարդիկ իրենց սեփական ուժերով կատարյալ խաղաղության երբեք էլ չեն կարող հասնել։ Այն միայն Աստված պիտի հաստատի, երբ Նրա Միածին Որդին՝ Հիսուս Քրիստոս երկրորդ անգամ գա աշխարհ՝ հաստատելու Աստծո արքայությունը։ Այդժամ, ինչպես ասում է մարգարեն, Աստված «դատաստան կանի բազում ժողովուրդների մեջ և կհանդիմանի հզոր ազգերին մինչև հեռավորները. իրենց սրերից խոփեր կկոփեն, և իրենց գեղարդներից՝ մանգաղներ, և այլևս ազգն ազգի վրա սուր չի բարձրացնի, և այլևս չեն սովորի պատերազմել»։


Այսու, մենք մեր հույսը դնում ենք Հիսուս Քրիստոսի վրա, ոչ միայն մեր փրկության համար, այլև աշխարհում խաղաղություն հաստատելու համար։ Եվ եթե բոլոր ժողովուրդներն ընթանան յուրաքանչյուրն իր ճանապարհներով, մենք, սակայն, թող ընթանանք Տիրոջ՝ մեր Աստծու անունով հավիտյանս և մշտապես. Ամեն։

9 views0 comments

Recent Posts

See All
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.