• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Կավե անոթները



«Որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարից թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք Աստծու փառքի գիտությամբ, որ ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից։ Արդ, այս գանձն ունենք կավե անոթների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից»։ (Բ Կորնթացիներին 4:6-7)


Ս. Պողոս Առաքյալը խոնարհաբար իրեն համեմատում է ցածրորակ և պարզ մի կավե անոթի հետ։ Ինչպես Սուրբ Պողոսի ժամանակներում, այնպես էլ այսօր կավե տարրաները բավական էժան են և հեշտ կոտրվող։ Այսուհանդերձ, մեծագույն անակնկալն այն է, որ Աստված տիեզերքի ամենաթանկագին գանձը՝ Իր փառքի գիտությունը և Իր Միածին Որդու դեմքից ճառագող կենարար լույսը, դրել է հենց այդ հասարակ և փխրուն կավե անոթների՝ մեղավոր մարդկանց սրտերի մեջ։ Կավե անոթն անկատար է, թերի և վնասված, սակայն այդ բնավ արգելք չէ, որպեսզի գանձը տեսանելի լինի իր ողջ գեղեցկությամբ։ Ավելին՝ հենց դրա միջոցով է հայտնի դառնում, որ այն Աստծուց է և ոչ թե՝ մարդկանցից։


Աստծո կենարար Խոսքն արդեն 2000 տարիներ քարոզվում է պարզ և խոնարհ մարդկանց միջոցով։ Աստված դարձի է բերում մեղավորներին և սրբացնում է սրբերին փխրուն կավե անոթների մեջ դրված իր թանկագին գանձով։ Նա կարող էր երկնքի հրեշտակների բանակներն ուղարկել Ավետարանը քարոզելու համար, սակայն ընտրեց մեզ՝ իր զավակներին, որոնց համար և զոհաբերեց իր Միածին Որդուն։


Ուրեմն, սիրելինե՛ր, թող որ Աստված հենց ինքը ծագի մեր բոլորի սրտերում, որպեսզի լուսավորվենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի դեմքից ճառագող Աստծո փառքի գիտության լույսով և այն շողարձակենք մեր շրջապատի մեջ՝ հստակ գիտակցելով, որ այդ անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։

2 views
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.