• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Ծաղկազարդ




Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակությունն է։ Չորս Ավետարանիչներն էլ վկայում են Ծաղկազարդի մասին (Մատթեոս 21.1-11; Մարկոս ​​11.1-10; Ղուկաս 19.28-38; Հովհաննես 12.12-18):


Մեր Տեր Հիսուս Քրիստոս, ինչպես բոլոր հավատացյալները, գնում էր Երուսաղեմ որպես ուխտավոր` մասնակցելու Զատկի տոնին, սակայն տարբերությունն այն էր, որ նա գնում էր որպես նոր Զատիկ, որ իր կյանքր զոհաբերեր խաչի վրա և իր կենարար արյան հեղմամբ ազատագրեր մարդկությանը մեղքի գերությունից։ Նա մուտք էր գործում Երուսաղեմ, որպես «Գառն Աստծո», ով իր անձի զոհաբերությամբ պիտի պատռեր մարդու և Աստծու միջև գոյություն ունեցող մեղքի վարագույրը և բացեր դեպի Աստված տանող արքայության դռները:


Մարդիկ ակնկալում էին Դավթի որդու փառավոր մուտքը Երուսաղեմ՝ թերևս ներկայանալի զորքով և արքայավայել փառքով, սակայն իրենց աչքերի առջև բացվում էր բոլորովին մեկ այլ տեսարան: Հիսուս խոնարհաբար ավանակի վրա նստած մտնում էր սուրբ քաղաք Իր աշակերտների հետ միասին և բազմաթիվ մարդկանց ուղեկցությամբ, ովքեր ցնծությամբ իրենց զգեստներն էին փռում ճանապարհի վրա, որպեսզի Տերն անցնի դրանց վրայով, և ոմանք էլ արմավենու և ձիթենու ճյուղերը ձեռքներին գովաբանում էին Տիրոջն ու աղաղակելով ասում. «Օրհնություն Դավթի Որդուն, օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն` բարձունքներում» (Մատթեոս 21.9):


Ժողովրդի բազմությունը իրավացիորեն դիմավորում էր Նրան որպես հաղթական Թագավորի, ում անձի մեջ Աստծո խոստումները պիտի իրագործվեին։ Սակայն նրանք սխալ ընկալում ունեին Հիսուս Քրիստոսի թագավորության և հաղթանակի մասին։ Հռոմեացի զինվորների հետ պատերազմելու փոխարեն Տեր Հիսուս պիտի հաղթեր մահվանը Խաչի զոհաբերությամբ։ Այս մեծագույն խորհուրդը տակավին դժվարընկալելի է շատերի համար. աշխարհի Փրկիչն ու Թագավորը, մարմնացյալ Աստծո Որդին խոնարհվեց և մահացավ անարգ մահով խաչափայտի վրա, ինչպես նվաստների նվաստը, որպեսզի մարդուն երկնքի անիմանալի բարձրունքները բարձրացնի և իր հրաշափառ Հարությամբ հավիտենական կյանքի ուրախությունը պարգևի։


Ծաղկազարդի տոնը հրավեր է՝ ընդառաջ ելնելու Երկնավոր Թագավորին, ով գալիս է կատարելու Հոր կամքը՝ ազատագրելու մեզ մեղքի խավարից և մահվան արհավիրքից։ Այսօր մեր սրտերի Երուսաղեմ մուտք գործող Փրկիչը գալիս է թագավորելու մեր սրտերին և փարատելու մեր վախերն ու կասկածները։ Ընդունենք Նրան մեր սրտերում և հավատարիմ մնանք Նրան, ով Իր կյանքն անգամ չխնայեց մեզ համար։ Սրտաբուխ աղոթքով փառաբանենք և օվսաննաներ վերառաքենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ ասելով. «Օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնություն` բարձունքներում»։

14 views0 comments

Recent Posts

See All
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.