• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Խոստովանություն



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 26-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Եսայու Մարգարեության գրքից է (43.22-44.8):


«Ես եմ, ես եմ այն նույնը, որ ջնջում եմ իմ հանդեպ կատարած քո անօրենությունները և քո մեղքերն այլևս չեմ հիշելու։ Բայց դու հիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Եսայի 43.25-26)։


Մարդիկ սովորաբար դժվարանում են ընդունել և խոստովանել իրենց մեղքերը։ «Ներիր, սխալվեցի» բառերը թուլության նշան են համարվում: Բայց խուսափելով այդ կարևոր բառերից՝ մենք զրկվում ենք նաև դրանց բերած օրհնություններից: Բուժումը սկսվում է վերքը մաքրելուց: Երբ ​​թաքուն ենք պահում մեր վերքերը, չենք խոստովանում մեր մեղքերը, զրկվում ենք Աստծո պարգևած մաքրությունից ու բժշկությունից:


Այսօրվա ընթերցվածի մեջ Աստված Եսայու մարգարեության միջոցով հորդորում է խոստովանել մեր մեղքերը, որպեսզի արդարարանք։ Չխոստովանված մեղքը առաջ է բերում մեղավորության զգացողություն, իսկ այդ զգացողությունը զրկում է մեզ խաղաղությունից և խլում է մեր ուրախությունը: Այն ազդում է ինչպես մեր հոգևոր այնպես էլ ֆիզիկական առողջության վրա:


Այս ճշմարտությունը լավագույնս նկարագրում է Սաղմոսերգուն՝ ասելով. «Լռեցի ես, և իմ բոլոր ոսկորները մաշվեցին» (Սաղմոս 31.3): Մինչև նա չի խոստովանում իր մեղքերը, նա չի կարողանում առաջ ընթանալ: Այսու, նա դիմում է Աստծուն. «Մեղքերս քեզ ցույց կտամ անօրենություններս չեմ ծածկի քեզանից։ Ասացի. «Ես ինքս կպատմեմ մեղքերս Տիրոջը», և դու թողություն կտաս Իմ բոլոր մեղքերի ամբարշտությանը» (Սաղմոս 31.5):


Արդարև, խոստովանությամբ ենք արժանանում Աստծո թողությանը, որը և խաղաղություն է բերում մեր անհանգիստ սրտերին: Ինչպիսին էլ որ լինեն մեր մեղքերը, խոստովանենք դրանք Տիրոջը, հայցենք Նրա թողությունը և պիտի ներում գտնենք։ Ինչպես ասում է առաքյալը. «եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես1.9):


Ուրեմն, եթե ​​մեղքի զգացում ունեք ծանրացած ձեր սրտին, ապա գնացեք եկեղեցի, խոստովանեք ձեր մեղքերը և կստանաք Աստծո թողությունն ու աստվածային խաղաղությունը, որ վեր է մեր ամեն մտքից ու խոսքից:

8 views0 comments

Recent Posts

See All
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.