Ձեզնից շատերը հավանաբար ծանոթ են Աստվածաշնչի՝ Առաջին Թագավորությունների գրքում ներկայացված Սամվել Մարգարեի պատմությանը, բայց թույլ տվեք վերհիշեցնել այն ընդհանուր գծերի մեջ։
Սամվելը պատանի մի տղա էր՝ մոտ 9-10 տարեկան և ապրում էր Տիրոջ տաճարում։ Մթնկա մի լուռ գիշեր, երբ Աստծո տաճարի ճրագը դեռ չէր հանգել, նա պառկում է քնելու և հանկարծ ձայն է լսում, ոչ հասարակ մի ձայն, որը տալիս է նրա անունը. «Սամվե՜լ, Սամվե՜լ»։
Այդ ուշ ժամին տաճարում միայն մեկը կար, որ կարող էր կանչել նրան՝ Հեղի քահանան։ Հեղին տաճարի ավագ քահանան էր և Սամվելի դաստիարակը։ Սամվելը անմիջապես գնում է Հեղիի մոտ և ասում. «Ինչո՞ւ կանչեցիր ինձ»։ Հեղին պատասխանում է. «Ես քեզ չեմ կանչել, վերադարձի՛ր ու քնի՛ր»։
Եվ այսպես շարունակվում է երեք անգամ. «Սամվե՜լ, Սամվե՜լ» ... «Ինչո՞ւ կանչեցիր ինձ» ... «Ես քեզ չեմ կանչել»...
Երրորդ անգամ Հեղին գլխի է ընկնում, թե ի՛նչ է կատարվում։
Թեև Հեղին ծերացել էր և չէր կարողանում անգամ կառավարել իր սեփական որդիներին, որոնք ագահությամբ և անբարո կյանքով պղծում էին տաճարը և հարուցում Տիրոջ զայրույթը, սակայն նա հիշում էր մի շատ կարևոր բան։ Նա հիշում էր, որ Տերն Աստված է, որ խոսում է։ Աստված խոսում է և ողջ արարչությունը գոյություն է առնում։ Նա խոսում է և պատմության ողջ ընթացքը հեղաշրջվում է։ Այսպիսին է մեր Տեր Աստվածը, և Հեղին, թեև շատ բան մոռացել էր, սակայն այս մեկը նա լավ հիշում էր։ Հիշում էր, որ Աստված կարող է խոսել անգամ անչափահաս երեխայի հետ, ինչպիսին Սամվելն էր։
Այսու, նա ասաց Սամվելին. «Վերադարձի՛ր, որդյա՛կ, ու ննջի՛ր։ Եվ եթե որևէ մեկը քեզ կանչի, կասես. «Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է»։
Գնաց Սամվելն ու պառկեց իր տեղում։ Տերը եկավ, կանգնեց և, ինչպես նախորդ անգամները, կանչեց նրան. «Սամվե՜լ, Սամվե՜լ»։ Սամվելն ասաց. «ԽՈՍԻ՛Ր, ՏԵ՛Ր, ՔՈ ԾԱՌԱՆ ԼՍՈՒՄ Է»։
Ահա՛ մանուկ Սամվելի աղոթքը։ Սա հավանաբար նրա առաջին աղոթքն էր։ Պարզ մի աղոթք, որը սակայն ամբողջությամբ փոխեց իր կյանքը և պատմության ողջ ընթացքը։ Աստված խոսեց ի պատասխան այդ աղոթքի։ Նա շարունակ խոսեց Սամվելի հետ և Սամվելը շարունակ փոխանցեց Աստծո խոսքը ուրիշներին։ Եվ մարդիկ վստահեցին այդ խոսքին ու համախմբվեցին նրա առաջնորդության ներքո՝ հատկապես օրհասական պահերին։
Սիրելիներ, ձեր ամենօրյա աղոթքներից և Սուրբ Գրքի ընթերցանությունից հետո, ասացեք այս պարզ բառերը. «Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է» և մի քանի րոպե լռության մեջ, աչքերը փակ, փորձեք մտքով ներթափանցել ձեր սրտի խորքերը և այնտեղ՝ ձեր սրտի խորախորհուրդ տաճարում, կլսեք Աստծո ձայնը, որ տալիս է ձեր անունը։
Comentários