• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Խաղաղության գրավականը



Աստծո խաղաղությունը նման է գետի՝ անսպառ, հարանորոգ և կենսաբեր։ Իսկ այդ խաղաղությունը ձեռք է բերվում Աստծուն և նրա պատվիրաններին հնազանդության միջոցով։ Սակայն խաղաղությունը բնավ հնազանդության վարձատրությունը չէ, ինչպես, օրինակ, երբ ասում ենք երեխաներին. «Եթե լսես ինձ, քեզ համար պաղպաղակ կգնեմ»։ Եթե այդպես լիներ, ապա մենք ինքներս կգնայինք և մեր պաղպաղակը կգնեինք։


Խաղաղությունը հնազանդության բնական հետևանքն է։ Աստծո օրենքներն ու պատվիրանները իրենց ողջ բնույթով հաստատված են, որպեսզի կարողանանք խաղաղություն գտնել։ Եթե հնազանդվենք դրանց, խաղաղություն կգտնենք և կապրենք արդար հասարակության մեջ։ Խաղաղությունն ու արդարությունն այլ կերպ չի տրվում։ Դրա համար էլ Աստված Եսայի մարգարեության միջից ասում է. «Եթե դու հետևեիր իմ պատվիրաններին, ապա քո խաղաղությունը գետի նման կլիներ, և քո արդարությունը՝ ծովի ալիքների նման» (Եսայի 48.18):


Հաճախ սխալ կարծիք ենք ձևավորում Աստծո մասին։ Կարծում ենք, որովհետև մենք առաջին քրիստոնյա ազգն ենք և Աստված շատ է սիրում մեզ, ապա Նա կհասկանա մեր պատճառները, հանգամանքներն ու իրավիճակները և մեզ համար բացառություն կանի… Նա մեզ երջանկություն և խաղաղություն կպարգևի, եթե անգամ շեղվենք, եթե անգամ խախտենք պատվիրանները, որովհետև մենք չենք մեղավոր, այլ իրավիճակներն են դրդում մեզ…


Սա ինչ որ տեղ նման է քննություններ հանձնելուն։ Խնդրում ենք Աստծուց, որպեսզի մեզ իմաստություն պարգևի՝ քննությունները գերազանց հանձնելու համար, մինչդեռ ծուլանում ենք կարդալ և լրջորեն պատրաստվել քննություններին։ Անշուշտ, Աստված ցանկանում է, որպեսզի գերազանց ավարտենք կյանքի համալսարանը։ Նա իր օգնությունն է առաջարկում՝ աշխատելու մեզ հետ և օգնելու, որ սովորենք, որ մեր կարդացածը հասկանանք ու ըմբռնենք։ Իսկ մենք մերժում ենք Նրա օգնությունն ու հորդորները, բայց ուզում ենք լսարան մտնել և գերազանց քննություն հանձնել։ Ուզում ենք, որ Աստված ինչ որ մի կախարդական միջոցով մեզ պարգևի այն, ինչը համառորեն մերժել ենք սովորել։ Այո՛, Նա մեր Երկնավոր Հայրն է և սիրում է մեզ աննկարագրելի սիրով, սակայն գիտելիքը նման կերպ չի տրվում։


Երջանկության և խաղաղության հմտությունները, սիրո նման, ոչ թե պարզ զգացումներ են, որ ապրում ենք ինչ որ մի պահի, այլ՝ ուսանում ենք ժամանակի ընթացքում։ Ուրեմն, ջանք և եռանդ ներդնենք այդ հմտությունները սովորելու համար, հնազանդվենք Աստծուն և պահենք Նրա պատվիրանները։ Այդժամ միայն կունենանք անձնական խաղաղություն և արդար ու երջանիկ հասարակություն։

4 views0 comments

Recent Posts

See All
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.